Երևանում 4642 վերելակներից 62-ը պիտանի չի
«Այսօրվա դրությամբ Երևանում գրանցված է բնակելի շենքերում տեղադրված և շահագործվող 4642 վերելակ, որոնցից վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել է 2938-ը։ Դրանց մեջ 62-ը ստացել է փորձաքննության բացասական եզրակացություն։ Մոտ 500 վերելակի փորձաքննություն այս պահին ընթացքի մեջ է, եզրակացությունները կստացվեն մինչև տարեվերջ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բնակելի շենքերում տեղադրված վերելակների մեծ մասը ժառանգություն ենք ստացել խորհրդային միության տարիներից։ Ճիշտ է՝ ամեն տարի իրականացվում են աշխատանքներ, քաղաքապետարանն է իր բյուջեից գումարներ նախատեսում, որպեսզի վերանորգման աշխատանքներ իրականացվում։
2007-2008 թվականին ընդհանուր առմամբ մեծ գործ կատարվեց, 2000-ից ավելի վերելակներ կապիտալ վերանորոգվեցին, 30 վերելակ հիմնովին փոխարինվեց նորերով, բայց նաև գաղտնիք չէ, որ վերելակներն ունեն իրենց շահագործման նորմատիվ ռեսուրսները։ Դա անձնագրով նախատեսված 25 տարի է, բայց հաշվի առնելով, որ երկար տարիներ հոսանքազրկման պատճառով շատ վերելակներ չեն շահագործվել կամ թալանվել են, դրանք ավելի արագ տեմպերով են մաշվում»,- նշեց բանախոսը։
Լուսինե Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ առկա է պահեստամասերի խնդիր, քանի որ խորհրդային արտադրության շատ վերելակների պահեստամասեր ուղղակի չկան, վերելակ արտադրող շատ գործարանները վաղուց չեն գործում։
ԱԻ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը շեշտեց՝ երևանյան վերելակները, որպես ուղղահայց տրանսպորտային միջոց, ավելի ծանրաբեռնված են աշխատում, քան ցանկացած այլ տրանսպորտային միջոց։
Հարցին՝ ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ Երևանի ավագանին հաջորդ տարվա բյուջեով կրճատում է վերելակայի տնտեսությանը հատկացվող գումարները, բանախոսը պատասխանեց, որ քաղաքապետարանն իր բյուջեից գումարներ նախատեսում է վերելակների վերանորոգման նպատակով։
«Միգուցե նրանք գտել են, որ նախորդ թվերն ուռճացված են եղել կամ կրճատելով՝ միևնույն է, հնարավոր է վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Դա մեր ոլորտը չէ, և այդ հարցին ավելի ճիշտ քաղաքապետարանի մասնագետները կպատասխանեն»,- ասաց նա։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչ է լինելու այն վերելակների հետ, որոնք փորձագիտական բացասական եզրակացություն են ստացել։
«Եթե թերություններն իրենցով տեխնածին վթարի սպառնալիք չեն առաջացնում, ժամանակ ենք տալիս, շահագործողի հետ ժամկետները համաձայնեցնում՝ վերացնելու թերությունները։ Բնակելի շենքերի վերելակները համատիրությունների սեփականությունն են, և համատիրությունները պետք է մտածեն վերելակների մասին։ Միաժամանակ, կան բարեխիղճ համատիրություններ, որոնք թերությունների դեպքում անջատում են վերելակները և դրանք չեն շահագործում, բայց կան նաև այնպիսիք, որոնք չեն կարողանում դեմ գնալ վերևի հարկերում ապրող բնակիչների կամքին և անգամ բացասական եզրակացության դեպքում շարունակում են շահագործել վերելակները»,- նշեց Լուսինե Հովհաննիսյանը՝ հավելով, որ համատիրությունների գործողությունները վերահսկող հատուկ օղակ գոյություն չունի։
ԱԻ պաշտոնյան հիշեցրեց, որ Երևանից բացի՝ վերելակներ կան նաև ՀՀ այլ քաղաքաներում, ինչպես օրինակ Կապանում և Վանաձորում, սակայն դրանցից շատերն ուղղակի չեն շահագործվում։ Մերթընդմերթ հայտնվում են կազմակերպություններ, որոնք համայնքին օգնելու համար վերանորոգում են համայնքային վերելակները, սակայն դրանք փոքր թիվ են կազմում։ Մարզերում շահագործվող վերելակները ևս տարեկան մեկ անգամ փորձաքննության են ենթարկվում։
Panorama.am-ի հարցին՝ որքա՞ն արժե մեկ վերելակի փորձաքննությունը, Լուսինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ տարեկան մեկ անգամ բնակելի շենքի վերելակի փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ է 2930 դրամ, իսկ ահա մեկ վերելակ փոխելն ամենահամեստ հաշվարկներով կարող է արժենալ ամենաքիչը 18-20 հազար դոլար՝ նայած ինչ որակի և որ երկրում արտադրված սարքի մասին է խոսքը։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն առաջարկեց Երևանի ավագանու օրակարգից հանել բյուջեի մասին հարցը
- Կքննարկենք, կհասկանանք. «Լույսի» անդամը՝ Երևանի բյուջեին քվեարկելու մասին
- Բացառելու ենք գումարների փոշիացումը, թույլ չենք տալու գումարներ գրպանել. Հայկ Մարության
- Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նախատեսվում է փոփոխություն
- Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները
- Վանաձորում երեխան մնացել է խափանված վերելակում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան