Գայանե Սահակյան. Նույն ինքնաթիռի ուղևորները հնարավոր է վարակված լինեն կարմրուկով
ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, անդրադառնալով Հայաստանում արձանագրված կարմրուկի դեպքին, նշել է.
«Դեկտեմբերի 21-ին Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի ուղևորները համարվում են սերտ կոնտակտներ և եթե չունեն պատվաստում կարմրուկի դեմ, շատ հնարավոր է վարակված են: Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով հորդորում ենք դիմել տարածքային բուժհաստատություն կամ զանգահարել (010) 550601»։
Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։
Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։