Հրապարակի հին տոնածառի ճակատագիրն անորոշ է
Հրապարակում տեղադրված տոնածառի տեսքի, գնի, բարձրության շուրջ քննարկումները ստվերում թողեցին հին տոնածառի հետ կապված հարցերը։ Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, ի՞նչ են պատրաստվում անել տարիներ շարունակ երկրի գլխավոր հրապարակը զարդարած տոնածառի հետ։
«Հանրապետության հրապարակի հին տոնածառի մետաղյա կոնստրուկցիաները մնում են պահեստում, իսկ դրանց հետագա ճակատագիրն առայժմ անորոշ է: Հիշեցնենք, որ հին տոնածառի կոնստրուկցիաները ծառայել են 14 տարի և այժմ հետագա շահագործման տեսակետից անվտանգ չեն»,-պատասխանեցին քաղաքապետարանից։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախկին տոնածառի համար ամեն տարի մրցութային կարգով գնվել են հարյուրավոր նոր կտրված բնական եղևնիներ, ինչն արժեցել է տարեկան մոտ 25 մլն դրամ, իսկ եղևնիները վերջում թափվել են։
Նոր տոնածառի ձեռքբերման գործընթացը Panorama.am-ի հետ զրույցում «Իրազել և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը որակեց ոչ թափանցիկ։ Տոնածառի գնի վերաբերյալ տարատեսակ թվեր հնչեցին։ Ավագանու նույն անդամի տվյալներով, օրինակ այն գնվել է 71 մլն դրամով։
Ի վերջո ինչքա՞ն գումար է ծախսվել, ո՞ր ընկերությունից է գնվել տոնական ծառը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից հայտնեցին, որ Հանրապետության հրապարակի գլխավոր եղևնին գնվել է ռուսաստանյան «Գրին Թրիս» ընկերությունից՝ 68 մլն 912 հազար ՀՀ դրամ արժեքով, որի մեջ են մտնում նաև տեղափոխման ծախսերը:
Ըստ քաղաքապետարանի վարչության, տոնածառը գնվել է վերը նշված ընկերությունից, քանի որ վերջինիս ներկայացրած առաջարկն ու պայմանները լավագույնն են եղել:
«Փաթեթի մեջ ներառված են խաղալիքների, լույսերի, ճյուղերի և մետաղական կոնստրուկցիաների արժեքները: Եվս 1 մլն 898 հազար ՀՀ դրամ կազմել են եղևնու տեղադրման ծախսերը»,-նշեցին վարչությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու անդամը խնդրում է բացել տոնածառի գնման ֆինանսավորման աղբյուրը
- Անի Սամսոնյան. Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ տոնածառի հանդեսից
- Բաբկեն Պիպոյան. Տոնածառի ձեռքբերման գործընթացը եղել է ոչ թափանցիկ
- Դավիթ Խաչատրյան. Տարեկան 25 մլն դրամ է ծախսվել հին տոնածառի եղևնիների ձեռքբերման համար