Ադրբեջանի ակնկալիքները՝ ԼՂ հարցով Հայաստանին «ժողովրդավարական սպասումների» ծուղակ գցելու համար
Հարևան Ադրբեջանում չեն դադարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների մասին լավատեսական հայտարարությունները։ Լավատեսությունն ու դրական սպասումները, իհարկե, լավ են և կարող են նպաստել լարվածության թուլացմանը։ Բայց երբ ադրբեջանական կողմը կարգավորում ասելով հասկանում է ԼՂ հարցում սեփական մոտեցումների իրագործում՝ ենթադրելով հայկական կողմերից միակողմանի զիջումներ, ապա պարզ է դառնում, որ գործ ունենք ավելի շուտ ադրբեջանական տեղեկատվական մանիպուլացիաների, քան թե հակամարտության կարգավորման անկեղծ ցանկության հետ։
Այսպես, դեկտեմբերի 25-ին «Ինտերֆակս-Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ «գալիք 2019թ. որոշակի առաջընթաց կլինի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման առումով» և հայտնել Բաքվի պատրաստակամությունը ապահովելու ԼՂ հայ բնակչության անվտանգությունը և նրանց տրամադրելու ամենաբարձր մակարդակի ինքնակառավարում։
Այս հայտարարությունից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը շարունակում է իրեն սպառած առավելապաշտական քաղաքականությունը և մտադիր չէ որևէ նոր տարր բերել բանակցային գործընթաց։ 2016թ. ապրիլյան պատերազմում ադրբեջանական զինուժի գործած գազանություններից հետո Բաքվի ոչ մի պաշտոնյա ոչ մի տեսակ իրավունք չունի խոսել ԼՂ հայ բնակչության անվտանգության մասին, էլ ուր մնաց դրա ապահովման հանձնառություն ստանձնել։ Ինչ վերաբերվում է ԼՂ կարգավիճակին, ապա կրկին անհասկանելի է Ադրբեջանի մոտեցումը՝ խոսելու ինքնակառավարման մասին, անտեսելու ԼՂ բնակչության արտահայտած կամքը, համառորեն չընդունելու առկա իրողությունները։
Հետաքրքրականն այն է, որ հակամարտության կարգավորման առաջընթացը և դրա շուրջ դրական սպասումներն այնպես են ներկայացվում, որ դա հնարավոր է միայն ադրբեջանական մոտեցումներին համահունչ, ինչը գործընթացի ձախողման բեռը լռելայն փոխանցում է հայկական կողմի վրա։ Սա վտանգավոր է և կարող է հետագա հնարավոր ռազմական գործողություններ սկսելու համար արդարցում ծառայել։
Նույն հարցազրույցում Մամեդյարովը ասել է նաև, որ դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո ներկա ղեկավարությունը, Հայաստանի ժողովրդի կողմից ստանալով լիարժեք մանդատ, հակամարտության կարգավորման գործում պետք է ցուցաբերի քաղաքական կամք և բարիդրացիության փիլիսոփայության համապատասխան պետք է գործի հանուն խաղաղության, կայունության և տարածաշրջանի կայուն զարգացման։
Հիանալի խոսքեր կլինեին, եթե արտասանված չլինեին աշխարհի ամենակոռումպացված և ոչ ժողովրդավարական պետություններից մեկի արտաքին գործերի նախարարի կողմից։
Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններին արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել «հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը» և նշելով, որ «լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են»։
Հասկանալի է, որ միջազգային հանրությունը և միջազգային գործընկերները ակնկալիքներ ունեն լայն ժողովրդականություն վայելող Հայաստանի ներկա իշխանություններից՝ նախ և առաջ դժվար ու հաճախ ոչ ժողովրդական բարեփոխումների իրագործման առումով։ Կան նաև որոշ ակնկալիքներ դժվար լուծումներ պահանջող այլ խնդիրների, մասնավորապես ԼՂ հակամարտության ողջամիտ, կողմերի համար ընդունելի տարբերակով կարգավորման առումով։ Բայց այդքան էլ հասկանալի չէ Ադրբեջանի չափազանցված ոգևորությունը, ով որևէ փոփոխություն չանելով ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում, մասնավորապես՝ ԼՂ կարգավորման հարցում, ունի դժվար իրագործելի ակնկալիքներ։
Մյուս կողմից էլ եթե հարցին մոտենանք ժողովրդավարության զարգացման և միջազգային հանրային ընկալման տեսակետից, ապա այժմ Ադրբեջանն անհույս հետ է մնում Հայաստանից։
Վերջին շրջանում ձևավորված Հայաստանի միջազգային դրական իմիջը չափազանց բարդացրել է Ադրբեջանի գործը՝ Հայաստանի նկատմամբ դիվանագիտական ու քաղաքական ճնշում գործադրելու, շարունակելու Հայաստանի մեկուսացման քաղաքականության փորձերը, տարբեր հարթակներում հնչեցնելու Հայաստանին հասցեագրված ավանդական մեղադրանքները։ Այս ամենը հաշվի առնելով՝ Ադրբեջանը փորձում է հոսանքին հակառակ չգնալ և նույնպես գովում է Հայաստանում տեղ գտած գործընթացները՝ միաժամանակ դրանց հետ կապելով հակամարտության կարգավորման որոշ հույսեր։
Հաշվարկը պարզ է․ մի կողմից խնդրի չկարգավորված լինելու մեղքը Բաքուն փորձում է բարդել Հայաստանի նախկին իշխանությունների վրա, մյուս կողմից էլ՝ մեծ ակնկալիքներ ներկայացնելով գործող իշխանություններին, նրանց վրա է դնում բանակցությունների ապագա հնարավոր ձախողման պատասխանատվությունը, ինչը կարող է պարտավորեցնող և կաշկանդող լինել հայկական կողմերի համար։
Սա խորամանկ, բայց պարզամիտ հաշվարկ է Հայաստանին «ժողովրդավարական սպասումների» ծուղակ գցելու համար։ Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե նոր իրողությունների պայմաններում Ադրբեջանը որոշակիորեն թարմացներ ԼՂ հակամարտության կարգավորման իր մոտեցումները և այսպես ասած, «սուբստանտիվ» բանակցությունները դիտարկել ոչ թե միայն սեփական քմահաճությունների իրականացման գործիք, այլ կողմերի համար ընդունելի լուծման հասնելու իրական ու միակ միջոց։ Այլապես Ադրբեջանի 2019թ. ակնկալիքները կդառնան պատրանքներ՝ իրենց բոլոր վտանգավոր հետևանքներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան