Սաֆարովին էլ դնեն Ղարաբաղի նահանգապե՞տ, այդ ե՞ն ուզում. սա անհնար բան է. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Արցախին բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել և ապահովել արցախահայության անվտանգությունը:
Նա նշել է, որ իր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների անվտանգությունը, միջազգային պարտավորություններին համապատասխան՝ պատրաստ է դա անել նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ։
Մամեդյարովի այս հայտարարության շուրջ Panorama.am-ի թղթակիցը խոսեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։
Panorama.am- Պարոն Բաբայան, ինչպիսի դիրքորոշում ունի պատոնական Ստեփանակերտը Մամեդյարովի հայտարարության առնչությամբ։
Դավիթ Բաբայան- Նմանօրինակ հայտարարություններին մի կողմից պետք է կատակով վերաբերել, մյուս կողմից՝ լուրջ։ Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունն ուղղակի անընդունելի է և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն որևէ ձևով չի փոխում իր դիրքորոշումը։ Ժամանակին Ադրբեջան կոչված խորհրդային հանրապետությունը ձևավորվել է երկու սուբյեկտների դաշնային հարաբերությունների ներքո։ Դրանք եղել են հայերը և մահմեդականները՝ որպես հավաքական ուժ։ Այն ժամանակ չկար ադրբեջանցի ազգ, այդ ազգը պաշտոնապես ի հայտ է եկել միայն 1936 թվականին։
Երկու տարբեր կարգավիճակներ ունեցող հայկական կազմավորումներ կային՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Այսինքն՝ մենք պրակտիկորեն ունեցել ենք միութենական հանրապետության կազմում ամենաբարձր կարգավիճակը ՝ Նախիջևանի ինքնավար հանարապետություն և դրանից մի աստիճան ցածր՝ Լռենային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Մենք տեսանք, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։
Panorama.am- Ըստ Ձեզ, ինչպս կարող է Մարաղայում, Բաքվում, Սումգայիթում և մի շարք այլ բնակավայրերում հայերին ցեղասապանած Ադրբեջանը խոսել էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների անվտանգությունն ապահովվելու մասին։
Դավիթ Բաբայան- Մենք տեսել ենք, թե ինչպիսի՞ ճակատագրի են արժանացել այն ժողովուրդները, որոնք ունեին կարգավիճակ և վարչական կազմավորումներ։ Օրինակ,Կարմիր Քրդստանը, որը ժանանակին գոյություն է նունեցել և որին պետք է ինքնավարություն տրվեր, բայց Ադրբեջանը աշխարհի քարտեզից վերացրեց Կարմիր Քրդստանը։ Անխուսափելի է այն, որ Ադրբեջանին ապագայում արյունալի հակամարտություններ են սպասվում։ Կա առնվազն երեք-չորս ազգ, որոնց որքան էլ ֆիզիկապես ճնշել են, միևնույն է, նրանք չեն դարձել ադրբեջանցի։ Ադրբեջանում այսօր 600 հազար թալիշ է ապրում, ապրում են բազմաթիվ լեզգիներ, ավարներ։ Նա այդ ժողովուրդներին պետք է ինքնավարություն տրամադրի։ Ինչո՞ւ չի տրամադրում։ Չի կարելի ընդմիշտ ճնշել ազգային փոքրամասնություններին։ Իսկ ահա մեր հարցն իրենց հետ արդեն փակ է։ Մենք հետագայում կարող ենք ապրել որպես լավ հարևաններ, բայց ոչ՝ մեկ պետության կազմում։
Ադրբեջանցիները ֆիզիկապես ոչնչացնել հայերին՝ հայաթափելով և Հյուսիսային Արցախը, Սումգայիթը և Բաքուն, լայնածավալ պատերազմ սանձազերծել։ Հիմա մենք անկախ երկիր ենք, մենք նաև ապրիլյան պատերազմ ենք տեսել ։ Ի՞նչ է՝ անկախ երկիրը պետք է հրաժարվի՞ իր կարգավիճակից, անվտանգության երաշխիքներից և առաջնորդվի Ադրբեջանի քմահաճույքներո՞վ։ Սաֆարովին էլ դնեն Ղարաբաղի նահանգապե՞տ, ա՞յդ են ուզում։ Սա անհնար բան է։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է պատասխանատվության կանչել ցեղասպան Ադրբեջանին. Լարիսա Ալավերդյան
- Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով Արցախի ներառվելու հարցը չի կարող քննարկվել. Ադրբեջանագետ