Բանակը պաշտպանում է երկրի սահմանները, մշակույթը պաշտպանում է ազգին. Ա.Գրիգորյան
«Անկախ պետության օրոք ցանկացած կառավարության կառույցների փոփոխություն պետք է մեկ նպատակ ունենա՝ ավելի հզորացնել ազգային կառույցները»,- «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով քննարկմանն ասաց պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։
Նա օրինակի համար նշեց, որ խորհրդային տարիներին հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունը նախարարների խորհրդին առընթեր կառույց էր, բարձր կարգավիճակ ուներ դեռ այն ժամանակ, երբ անկախ պետականություն չուներ։
«Շատ տրամաբանական էր, որ Մոսկվայի թաթի տակից դուրս գալուց հետո նվազագույնը այդ համար մեկ կառույցի... Իսկապես, համար մեկ կառույցի կարգավիճակ ունի մշակույթի նախարարությունը։ 1991 թվականին անկախանալուց հետո հանկարծ այդ կառույցը գործակալության մակարդակի իջեցվեց։ Անտրամաբանական է, իսկապես, վերագրենք տգիտությա՞ն, թե՞ միտում կա»,- նշեց նա։
Ս. Կարապետյանի խոսքով, Հայաստանի արտաքին գործերի նախարարներից որևէ մեկը միջազգային ատյաններում չի ասել, թե «մեզ մի ստիպեք նստել նույն սեղանի շուրջ վանդալ պետության արտգործնախարարի հետ»։
«Հիմա արմատապես բաներ են փոխվել, նոր հույսեր են արթնացել։ Իմ հույսերը ազգային դաշտում մեր ողնաշարը շտկելու, ավելի պնդացնելու հույսերն են, այլ ակնկալություն չունեմ։ Հանկարծ հիմա տեսնում ենք, որ մշակույթի նախարարությունը ... կարևոր չէ օպտիմալացնում են, թե ինչ են անում։ Լրջագույն խնդիրներ են, հույս ունեմ բանականությունը պետք է հաղթանակի և պետք է բարձրանանք, կառույցը պետք է հզորանա, ոչ թե թուլանա»,- ասաց հուշարձանագետը։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօերն Պավել Ավետիսյանն ասաց, որ փորձում են հասկանալ, այս փոփոխություններն ավելի լավի են տանում, թե խնդիրներ են առաջացնում։ Նրա խոսքով, եթե չկա այն վարչությունը, որ բոլոր օղակները մեկտեղված են, մեկ համակարգի շրջանակներում են գործում, անլուծելի խնդիրներ են առաջանալու։
«Իմ կարծիքով, կառավարման համակարգում ինչ-որ մի բան այնպես չենք անում»,- նշեց նա։
Պ. Ավետիսյանի խոսքով, Երևան քաղաքի երկու երրորդը կառուցվել է հուշարձանակիր տարածքների վրա, նույնը կարելի է ասել Հայաստանի ցանկացած քաղաքի, գյուղի մասին, այդ քաղաքաշինական ծրագրերի հետևանքով հսկայական բան է ավերվել։
«Հիմա ուզում եմ հասկանալ, եթե հուշարձանների պահպանության ոլորտը հանձնում ենք այնտեղ, մենք արդյոք վաղը խնդիրներ չենք ունենա»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանն ասաց, որ պատմամշակութային արժեքների պահանության բնագավառն ամրագրված է Սահմանադրությամբ. «Մի բնագավառ է, որ ոչ միայն պետք է գոյություն ունենա, այլ պետությունը հոգածություն, հովանավորություն ունենա։ Հայտնի է նաև, որ մշակույթը, պատմության, մշակութային հուշարաձանները ազգային անվտանգության ծրագրի կարևոր բաղադրիչն են կազմել։ Պետության պահպանության, ապահովման ծրագրում մասնակից լինելը հավասարազոր է այնպիսի գործունեության, ինչպես բանակը պաշտպանում է երկրի սահմանները, մշակույթը պաշտպանում է ազգին և ազգային մշակույթն է, որ այդ մշակույթը կրողին՝ բնակչությանը, պահում է հողի վրա, դարձնում հայրենասեր»։
Նրա խոսքով, այնպես չէ, որ ամեն բնագավառ կարելի է ամեն տեղ տանել։
«Այնպիսի փխրուն բնագավառ, որն առնչվում է մի շարք այլ բնագավառների հետ՝ մշակութային, քաղաքաշինական, շինարարական, պետք է գտվի նպաստավոր միջավայրում, որ հասկացվում է հատկապես ղեկավարության կողմից, որպեսզի այդ կարևոր բնագավառին համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի»,- ասաց Ա. Գրիգորյանը։
ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասաց, որ նախագծով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը միացվում է, որով նախատեսվում է մշակութային ժառանգության պահպանություն, հանրահռչակում, զարգացում, պահպանում և այն, բացառությամբ՝ պատմամշակութային հուշարձանների պահպանությունը։
«Ի՞նչ է, պատմամշակութային հուշարձանները մշակութային ժառանգություն չեն։
Հուշարձանների պահպանության ոլորտը տեղափոխվում է Քաղաքաշիանական կոմիտեի կազմ։ Կոմիտեն իր կարգավիճակով կառավարության անդամ չէ, քաղաքանության մշակման լիազորություններ չունի»,- նշեց նա։
Երգահան Վահան Արծրունու խոսքով, որևէ օրենսդրական փաստաթուղթ չկա, որը սահմաներ կամ ձևաչափեր մշակույթի նախարարության ֆունկցիան։ Նա նշեց, որ դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ղեկավար այս 30 տարիներին ինչպես պատկերացրել է, թե ոնց պետք է գործի այդ կարևորագույն օրգանը, այնպես էլ աշխատացրել է։
«Այդ տիրույթում տիրել է կամայականություն, ամենաթողություն, դաշտը բաժանվել է յուրայինների և ոչ յուրայինների։ Նախարարությունը 30 տարի չի աշխատել, պետք է առաջին հերթին ձևակերպեր մշակութային ցենզ։ Կառավարությունն, իմ պատկերացմամբ, փորձում է շտկել առաջին հերթին այս իրավիճակը։ Իմ համոզմամբ, կլինի նախարարություն, թե գործակալություն, իր աշխատանքը պետք է օրինաչափվի օրենքով, այսինքն օրենքը պետք է լայն հանրային քննարկման առարկա լինի, այնպես ձևաչափվի, որպեսզի ցանկացած բնագավառի ներկայացուցիչներ գոնե բավարարված զգան, զգան, որ պետությունն իրենց մեջքին կանգնած է»,- ասաց Վ. Արծրունին։
Հարակից հրապարակումներ`
- Մտահոգություն ունեմ, որ այս նախագծով Հայաստանում մշակութային ժառանգությունն աղճատվում է. Երանուհի Մարգարյան
- Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր. քանդակագործ
- Մշնախի ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Սարգսյան. «Բայց ոչ երբեք այն ձևով»
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
- Սովորեցնում ենք երեխաներին՝ ինչպես զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի. Ռ. Բաբայան
- Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան