Սյունիքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում տեղակայվել են շուրջօրյա հենակետեր
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն են իրականացնում 5 փրկարար, ովքեր ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:
Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝
Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում
Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրում՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրում
Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում:
Օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները կհամագործակցեն ճանապարհաշինարարական, վերանորոգման և սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ՝ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար:
Արագ ծավալվող, մետաղական և պնևմատիկ հենաձողերով, երկշերտ ծածկով վրանները հագեցած են մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով:
Վրանները ջրակայուն են և հագեցած են տուժածներին՝ տվյալ պարագայում ցրտահարության ախտանիշով քաղաքացիներին, առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Այն հնարավոր է ծավալել 3-5 րոպեի ընթացքում: Վրաններում մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շուրջօրյա ծառայությունն իրականացնում են հերթափոխով, անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կմիանան նաև լրացուցիչ ուժեր:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի