Ինչպես են Ծաղկաձորում անտառային պետական ֆոնդը դարձրել անհատների սեփականություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ:
Դատախազության հանրայի կապերի վարչության հաղորդմամբ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտար՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Հետագայում նշված հողամասերը աճուրդային եղանակով օտարվել են մի շարք քաղաքացիների:
Պարզվել է, որ փոխադրված հողերը ոչ միայն հանդիսացել են անտառային ֆոնդի հողեր, այլև արբանյակային լուսանկարների համաձայն՝ եղել են միատարր անտառածածկ տարածքներ: Մինչդեռ, հողերի փոխադրման գործընթացում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով, որ անտառային ֆոնդի հողերը չեն կարող ընդգրկվել խառը կառուցապատման հողերի կատեգորիայում, փոխել են դրանց նպատակային նշանակությունը և որպես խառը կառուցապատման հողեր, հանձնել համայնքին, ինչն էլ հնարավոր է դարձրել դրանց հետագա օտարումը:
Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում հնարավոր խախտումները պարզելու, նրանց կատարած արարքներին իրավական գնահատական տալու, պատճառված վնասի առկայությունը և դրա չափը պարզելու, վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար ստացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի