Հիմա կրթության ոլորտում բավական քաոսային իրավիճակ ունենք. Սերոբ խաչատրյան
«Կրթական հաստատություններում ապաքաղաքականացման պրոցեսը չի ավարտվել, բայց կարող եմ ասել, որ մեծ ձեռքբերումներ կան»,- այսօր «Կրթության ոլորտի հիմնախնդիրները. կառավարության կատարած աշխատանքն ու ապագա ծրագրերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԿԳ փոխնախարարի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:
«Երբ խոսում ենք դպրոցների տնօրենների կամ բուհերի ղեկավարների հետ, տեսնում ենք, որ բավականին ազատություն ունեն իրենց գործունեության մեջ, բայց, ցավոք նրանց մոտ նախաձեռնողությունը պակասում է: Այսինքն՝ շատ հարցերում ակնկալում են նախարարության կողմից գործողություններ»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը։
Հովհաննիսյանի խոսքով՝ այս ընթացքը կրթության ոլորտում ճգնաժամային էր, շատ հարցեր իրենց լուծումը գտան, բայց անելիքները դեռ շատ ու շատ են։
Քննարկմանը ներկա կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ այս ընթացքում ոլորտում առկա իրավիճակը համեմատեց սառնարանի սառցամանի հետ, որտեղ սառած համակարգ էր։
«2018 թվականի սկզբին կրթության հարցերում բոլորիս տրամադրվածությունը հոռետեսական էր, իսկ հիմա կրթության ոլորտում բավական քաոսային իրավիճակ ունենք: Հատկապես՝ ուսումնական հաստատություններում. ներսում խժդժություններ կան, մեկը տնօրենին է դատի տալիս, մի տեղ մրցույթի պրոբլեմ է: Այս պահին նախարարության հիմնական մարտահրավերներից մեկը կառավարման որոշակի կայուն վիճակ ապահովելն է: Եթե սա երկար շարունակվեց, կարծում եմ՝ շատ դժվար է լինելու կառավարել համակարգը»,- նշեց Խաչատրյանը։
Նրա կարծիքով՝ կրթության զարգացման պետական ծրագրին արագորեն ընթացք պետք է տալ։
«Ցավոք՝ 2016 թվականի հունվարի 1-ին մենք այդ ծրագիրը պետք է ունենայինք, այսօր արդեն 2018-ի դեկտեմբերի 27-ն է, ուղիղ երեք տարի ծրագիրը չկա: Դա ոչ միայն օրենքի խախտում է, բայց շատ ավելի խորը խնդրի մասին է խոսում, որ մեր կրթական համակարգում բացակայում է ռազմավարական մտածողությունը, ռազմավարությունների շուրջ քննարկումներ անելու, տարբեր խմբերի հետ կոնսենսուսների գալու, խորքային քննարկումներ անելու մշակույթը»,- նշեց փորձագետը։
Խոսելով Կրթության ազգային ինստիտուտի ճակատագրից, Խաչատրյանն ասաց, որ այն արդեն մեկ տարի է կաթվածահար վիճակում է. «Մարդիկ սպասում են, որ էսօր-էգուց ինչ-որ բան է լինելու, բայց էլի չի լինում։ Այսօր կրթության ոլորտում շահակիցների մոտ ոչ մի համաձայնություն չկա, ամեն մեկը մի ձևով է պատկերացնում, ոչ մի համակարգված մոտեցում գոյություն չունի»։
Ինչ վերաբերում է դրական տեղաշարժերին՝ նա ասաց. «Ի վերջո կուսակցականացման հարցն արմատական լուծում ստացավ։ Հուսանք սա ինստիտուցիոնալ կդառնա։ Հասկանալի է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը դպրոցների աջակցության կարիք չուներ, հուսանք հաջորդ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» չի փորձի ներքաշել ընտրություններում»։
Մյուս կարևոր դրական տեղաշարժը, Խաչատրյանի խոսքով, բյուջեի թվի ավելացումն է։
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը Լարիսա Մինասյանն էլ ընդգծեց, որ ոլորտում առկա պրոբլեմները շատ մեծ են և դրանց հետ առերեսվելու համար ոչ մի ռազմավարական քայլ չի արվել։
Մինասյանը հայտնեց նաև, որ «Մարդկային կապիտալի ինդեքս» զեկույցի համաձայն՝ Հայաստանում 19-21 տարեկան երիտասարդների տասը տոկոսը գրագիտության պրոբլեմ ունի. «Այդ վիճակի հետ մենք պետք է առերեսվենք: Չեմ ուզում տագնապ բարձրացնել, բայց համակարգին պետք է տագնապի առջև կանգնեցնել»։
Ինչ վերաբերում է ապաքաղաքականացմանը, նրա կարծիքով, այն շատ մակերեսային է արվել։
Անդրադառնալով կառավարության կառուցվածի մասին փոփոխությունների նախագծին՝ ԿԳ փոխնախարարի պաշտանակատարն ասաց. «Մենք անձամբ մասնակցություն չենք ունեցել նախագծի մշակման փուլում։ Բայց բավականին դժվարություններ կբերի այն՝ մանր հարցերից մինչև կազմակերպչական հարցեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան