Թորոսյանի ակնկալած պարզաբանումներն ու Միրզոյանի դիտողությունը
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է սահմանել, որի համաձայն, բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, պետք է սահմանել այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են բյուջեի կատարման գործընթացը կազմակերպելու համար:
«Տրամաբանական կլինի այսպիսի որոշումն ունենալ մինչև բյուջետային տարին սկսելը, որը մեր երկրում համընկնում է օրացույցային տարվա հետ»,- գործադիրի այսօրվա նիստում ներկայացնելով նախագիծն՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Մասնավորապես, առաջարկվում է տնտեսական բովանդակությունից կախված ծախսերը դասակարգել ըստ երեք հիմնական խմբերի՝ դրամաշնորհներ, սուբսիդիաներ և գնումներ:
Ֆելիքս Ցոլակյանն անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ գնումների մասով առաջարկվում է տնտեսված գումարները վերադարձնել պետական բյուջե, սակայն ինքն առաջարկում է այդ գումարները նորից օգտագործել գնումների համար:
«Օրինակ, մեքենայի մասեր ենք գնում և կարող ենք այդ գումարները նորից օգտագործել այդ նպատակի համար»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ տրամաբանությունն այն է, որ գնման գործընթացից հետո մնացած գումարը վերադարձվի բյուջե և վերաբաշխվի այլ նպատակների համար:
Առողջապահության նախարարի պաշոտնակատար Արսեն Թորոսյանն էլ անդրադարձավ նախագծի 13-րդ կետին, ըստ որի, 2019 թվականի պետական բյուջեից առանց մրցույթի դրամաշնորհի ձևով իրավաբանական անձանց տրամադրվող հատկացումների շրջանակում կնքվելիք դրամաշնորհի պայմանագրում նախատեսել դրույթ այն մասին, որ դրամաշնորհի պայմանագրով նախատեսված միջոցառումների տարեկան արդյունքները պետական մարմնի կողմից ընդունվելուց հետո, իրավաբանական անձը միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած տնտեսումները վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ոչ ուշ, քան մինչև 2019թ. թվականի դեկտեմբերի 25-ը:
«Մենք հիմա ՊՈԱԿ ունենք, որին դրամաշնորհով ենք գումարը տալու, բայց այն մատուցելու է վճարովի ծառայություններ: Այս դեպքում ինչպես ենք տարանջատելու, թե իրենց մոտ մնացած գումարները մեր տված դրամաշնորհի գումարներն են, թե իրենց կողմից վճարովի ծառայությունների մատուցված գումարները, որ վերադարձնենք բյուջե»,- հարցրեց նա:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ եթե նախահաշիվ է հաստատվել, ապա դրա վերաբերյալ պետք է հաշվետվություն պահանջեն և եթե տարբերություն է առաջացել, ուրեմն գումարը պետք է վերադարձվի բյուջե:
Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ այդ կետը հակասում է կառավարության մեկ այլ որոշմանը, որտեղ նշված է՝ գումարների փոխանցման մեջ բացառություն են ՊՈԱԿ-ները. «Հիմա մենք կառավարության որոշում ենք ընդունում, որ պետք է ՊՈԱԿ-ներն էլ այդ գումարները փոխանցեն»:
Ատոմ Ջանջուղազյանն ի պատասխան նշեց, որ դրանք բոլորովին տարբեր բաներ են. «Դա վերաբերում է պայմանագրային հարաբերություններին, ընդորում, այստեղ կարևոր չէ ՊՈԱԿ-ը, դա կարող է ուղղակի ընկերություն լինել, որի հետ նման պայմանագիր ունենանք: Այսինքն՝ դա վերաբերում է պայմանագրային հարաբերություններին: Իսկ ձեր նշածը որոշումը վերաբերում է պետական հիմնարկների բյուջեների կատարմանը, այսինքն՝ մնացորդին՝ բացառությամբ ՊՈԱԿ-ների: Ուստի այստեղ հակասություն չկա»:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ դիմելով Արսեն Թորոսյանին՝ նշեց, որ բարձրացրած հարցերը կարող էր քննարկումների նախնական փուլում պարզաբանված լիներ. «Կարծում եմ, որ այս նախագիծը շրջանառվել է նաև գերատեսչությունում, կարծիք տալու հնարավորություն կար, բացի այդ, նախագիծը երկու անգամ քննարկվել է նախարարական կոմիտեում բավականին բուռն, երկար: Բնականաբար, ողջունում եմ քննարկումը նաև այս փուլում, բայց կան տեխնիկական հարցեր, որոնց պարզաբանումները կարելի էր նախապես ստանալ»:
Սակայն Արսեն Թորոսյանը նորից սկսեց որոշ կետերի շուրջ պարզաբանումներ ակնկալել և առաջարկեց ժամկետը փոխել, քանի որ չի պատկերացնում, թե ինչպես կարող են բոլոր ՊՈԱԿ-ների ծախսերը հաշվել. «Այս որոշումը պլանային տնտեսության է նման, բովանդակային առումով էլ կողմ չեմ այս կետին»:
«Պարոն Թորոսյան, երբ անդրադառնում ենք պլանային տնտեսությանը, ապա եկեք ընդհանրապես պոլիկլինիկաների մասին չխոսենք: Մենք այստեղ բազմաթիվ հարցեր ենք քննարկել, և ես իմ մտահոգությունը արտահայտել եմ, որ հանկարծ մեր զգոնությունն այնքան չթուլանա և մեր ուշադրությունը սկսենք կենտրոնացնել ինստիտուտի վրա՝ փոխանակ կենտրոնացնենք ծառայության որակի բարձրացման վրա: Հետևաբար, պլանային որևէ բան չեմ տեսնում, այլ տեսնում եմ միասնական մոտեցում, մեթոդաբանություն ունենալու անհրաժեշտություն, քանի որ որևէ բացատրություն չունի, որ համանման գործառույթ իրականացնող, նույն նպատակի համար պետության կողմից հիմանդրված որևէ կազմակերպություն ունենա տարբեր կարգավորումներ, նորմավորումներ»,- արձագանքեց Ատոմ Ջանջուղազյանը:
Այսպիսով, որոշում կայացվեց, որ նախագծի այն կետը, ըստ որի, մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը պետք է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների նախահաշիվների հիմքում դրվող ծախսերի նորմատիվները, հետաձգել մինչև մարտի 31-ը: