Արմեն Մելիքբեկյան. «Մելենդեսը Հայաստանում կաշխատի իսպանական մոդելով»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՖՖ նոր տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի մասին՝ նշելով, որ նա հունվարի 1-ից կժամանի Հայաստան և ևս երկու մարզչի հետ բնակություն կհաստատի մեր երկրում: Մելիքբեկյանը նաև խոսեց ապագա ծրագրերի մասին:
«Մելենդեսն աշխատելու է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների հետ: Այս մոդելը գործում է Իսպանիայում: Աշխատում են ընդհանուր ծրագրով, տարբեր հավաքականների մարզիչներն օգնում են միմյանց, իսկ տեխնիկական տնօրենը վերահսկում է այդ ամենը: Մելենդեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով»,- ասաց ՀՖՖ փոխնախագահը:
Մելիքբեկյանը շեշտեց, որ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ մարզերում ֆուտբոլի զարգացումը: Հայաստանի մարզերից ընդամենը 29 բնակավայրերում են կազմակերպված ֆուտբոլ խաղում, իսկ դա, ըստ ՀՖՖ փոխնախագահի, շատ վատ ցուցանիշ է:
«Սկսում ենք Վայոց Ձորի մարզից: Ինչու Վայոց Ձոր, քանի որ այստեղ միակ վայրն է, որում կազմակերպված ֆուտբոլ չեն խաղում: Մտադիր ենք կառուցել 10-12 խաղադաշտեր, ապա կանցնենք Գեղարքունիքի մարզին, որտեղ երկու անգամ ավելի շատ մինի-մարզադաշտեր կկառուցվեն:
Բացի այդ, նոր մոտեցում ենք ցուցաբերելու այն ներդրողների հանդեպ, ովքեր ուզում են ակումբ պահել: Նրանք կմասնակցեն ենթակառուցվածքների շինարարությանը, կխրախուսենք նրանց: Կկառուցենք դաշտեր անհատ ներդրողների համար: Գորիսում, օրինակ, ցանկություն կա ֆուտբոլի դպրոց բացել, եթե նպատակն իրականանա, մենք էլ կկառուցենք մարզադաշտը»,- ասաց Մելիքբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի