Եթե ուզում եք խաբեք՝ խաբեք
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին իրականացնում բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները, որոնք դժգոհում էին հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխություններից:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ը վարչարարությամբ զբաղվող մարմին է, քաղաքականությամբ չի զբաղվում:
Միաժամանակ նա նշեց, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների նախարարների պաշտոնակատարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հարկ վճարողների մտահոգությունները քննարկման առարկա դարձնել հունվարի առաջին աշխատանքային օրերին:
Անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններին, թե հանգիստ կարող են թաքցնել իրենց եկամուտները, Դավիթ Անանյանն ասաց, որ շատ հանգիստ է վերաբերվում նրանց հայտարարություններին. «Իհարկե կարող են թաքցնել: Մենք ասում ենք՝ դուք հայտարարագրեք ձեր եկամուտները այնքան, որքան ստանում եք: Եթե մարդիկ միանգամից ասում են՝ դուք չեք կարող վերահսկել, այո, չենք կարող, բայց դուք ինքներդ չե՞ք կարող ինքներդ ձեզ վերահսկել: Այսինքն՝ մտածում եք, որ անպայման մի բան այն չե՞ք անելու: Հայտարարագրեք այնքան, ինչքան ստացել եք: Եթե ուզում եք խաբեք, խաբեք»:
Հարցին՝ ի՞նչ է անելու ՊԵԿ-ը, եթե շոու բիզնեսի ներկայացուցիչները թաքցնեն իրենց եկամուտները, ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենց վարչարարական գործիքները կիրառելով, տեղեկատվական աղբյուրների միջոցով փորձելու են ճշտել՝ արդյոք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե ոչ:
Դիտարկմանը, թե նրանք աշխատավայր չունեն, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Աշխատավայր չունեն, բայց ունեն հասցե: Միգուցե գրենք, խնդրենք, ներկայանան, մենք էլ իրենց բացատրենք, թե ինչպես պետք է հարկերը վճարել: Հստակ չափանիշը նրանց ազնվություն է, եթե 1 մլն դրամ է ստացել, այդքան էլ պետք է հայտարարագրի»:
Հարցին, թե երբվանի՞ց է պետությունը հույս դնում քաղաքացիների ազնվության վրա, ՊԵԿ ղեկավարն ասաց. «Հարկեր վճարելու մշակույթ ձևավորելու հիմքում պետք է լինի փոխադարձ վստահությունը: Մենք առաջարկում ենք անել փոխադարձ վստահություն ձևավորելու առաջին քայլը: Եթե ոչ, մենք մեր գործիքների ամբողջ ծավալով մեր գործը կանենք: Սա սպառնալիք չէ, հիշեցնում ենք, որ ունենք այդպիսի գործիքակազմ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ՊԵԿ-ը տեղյակ է, թե նրանք որքան եկամուտ ունեն, Դավիթ Անանյանը դրական պատասխան տվեց. «ՊԵԿ-ը նաև իրավապահ մարմին է և ունի բավականին շատ ծառայություններ, որոնք իրենց գործն անում են՝ կապված օպերատիվ տեղեկատվության ստացման ու մշակման հետ: Անընդհատ ասում են՝ բա ինչպե՞ս եք վերահսկելու: Չեմ ուզում վերահսկել, ոչ էլ վերահսկելու եմ, դուք ազնվորեն հայտարարագրեք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա