Փաստաթղթում կլինեն փոփոխություններ. Մխիթար Հայրապետյանը՝ Սփյուռքի նախարարության լուծարման մասին
«Սփյուռքի նախարարության աշխատակիցները սահմանված ընթացակարգով մտահոգությունները, դիտողություններն ու առաջարկությունները նախարարության լուծարման վերաբերյալ ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծին:
Նա հիշեցրեց, որ նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի, բայց ի տարբերություն մնացած նախարարությունների՝ Սփյուռքի նախարարությունը չի միավորվում որևէ նախարարության հետ, այլ լուծարվում է:
«Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մտահոգություններ, քանի որ հստակ չի նշվում, թե այդ գործառույթները, որոնք իրականացնում է Սփյուռքի նախարարությունը, որ գերատեսչությունն է ստանձնելու, հետևաբար, մենք նախարարության լուծարման վերաբերյալ մտահոգությունները հայտնել ենք քաղաքական թիմին։ Ես ինքս կիսում եմ նախարարության աշխատակիցների մտահոգությունները», - ասաց Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ իր համար չափազանց կարևոր է ապահովել գործառույթների ժառանգականությունը, ուստի պետք է հասկանալ, թե որ ինստիտուտն է իրականացնելու նախարարության գործառույթները:
«Դրա համար ես ինձ թույլ կտամ ասել, որ փաստաթղթում կլինեն փոփոխություններ՝ հիմնված թե մեր, թե մյուս նախարարությունների մտահոգությունների վրա», - ընդգծեց նա:
Մխիթար Հայրապետյանը չբացառեց, որ Սփյուռքի նախարարությունը ևս միանա որևէ այլ նախարարության:
Հարակից հրապարակումներ`
- Հայրենադարձները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ սփյուռքի նախարարության լուծարման
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան