2018 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է մոտ 94.1 մլրդ դրամի պետական գնում
2018 թվականի առաջին կիսամյակում մոտ 94.1 մլրդ դրամի պետական գնում է իրականացվել, իսկ 2017 թ-ի առաջին կիսամյակում՝ 70,8 մլրդ դրամի: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով 2017-2018 թթ-ի առաջին կիսամյակում պետական գնումների համակարգի հիմնական միտումները:
Նրա խոսքով՝ պետական գնումների ոլորտում տարվա ընթացքում կազմակերպվում է մոտ 74 հազար գնումների ընթացակարգ, որից 9800-ը չի կայանում տարբեր հիմնավորումներով: Այսպիսով, 2018 թ-ի առաջին կիսամյակում կազմակերպված ընթացակարգերի շուրջ 13%-ը չի կայացել:
«Համեմատության համար նշենք, որ 2017 թ. առաջին կիսամյակում չի կայացել կազմակերպված ընթացակարգերի 1.6%-ը: Դրանք տարբեր հիմնավորումներով չեն կայացել, մասնավորապես, մասնակցության բացակայություն, ինչը նշանակում է, որ հետաքրքրությունը գնումների համակարգի նկատմամբ մեծ չէ»,- նշեց Արտակ Մանուկյանը:
Նա նաև ասաց, որ «Գնումների մասին օրենքով» գնումների կատարման համար նախընտրելի ձևը մրցույթն է, որին սակայն բաժին է ընկնում 4 տոկոսը. «Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ իսկապես համակարգը գրավիչ չէ, եթե գնումները չեն իրականացվում բաց ընթացակարգերի հիման վրա: Իսկ եթե չկա ավելի թափանցիկ գնման հավանականություն, այդպես կոռուպցիոն ռիսկի հավանականությունը մեծանում է»:
Վարչապետի խորհրդականն ասաց նաև, որ ուսումնասիրելով գնման գործընթացը՝ եկել են այն եզրահանգման, որ ոչ մրցակցային գնումների մասնաբաժինը շարունակում է մնալ բարձր:
Արտակ Մանուկյանը հայտնեց, որ օրենսդրական փոփոխություններ են եղել մի շարք ոլորտներում՝ մասնավորապես փոխվել են գնումների ոլորտում ՓՄՁ-ների և փոքր ստարտափների գործունեությունը կարգավորող օրենքներից որոշները: Ըստ նրա՝ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, ըստ որի, առաջակվում է մինչև 10 մլն դրամի գնումների պարագայում որևէ փաստաթուղթ չպահանջել:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է Հայաստանում և ԵԱՏՄ տարածքում գնումներին մասնակցելու ընթացակարգին՝ առաջարկելով «սև ցուցակում» ընդգրկված մարդկանց թույլ չտալ մասնակցել գնումների: