«Հետո մեզ կավետեն, որ մի 200 միլիոնի պարտք ունենք». ֆեյսբուքի օգտատերերը՝ գազի գնի մասին
Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են, բայց պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չի հանգել:
Մոսկվա այցից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գազի գնի հետ կապված ասել էր, որ գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով։
«Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունենրի համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե Հայաստանի կառավարությունում, թե Ռուսաստանում, բայց, ընդհանուր առմամբ, ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ, և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,- նշել էր նա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի ու Հայաստանի բանակցությունները գազի շուրջ կինտենսիվացվեն:
Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է այս հարցը, մասնավորապես, «Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերն իրենց մտահոգություններն են հայտնում, մեծ մասը կարծում է, որ գազի գինը կբարձրանա:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոնիսյանը գրել է. «Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ գազի գնի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Արդյունքում` մենք հունվարի 1-ից գազ ենք գնելու չսահմանված գնով... Այսինքն գազը գնելու ենք, բայց դրա գինը հետո ենք բանակցելու»:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ գրել է. «Հետո մեզ կավետեն, որ մի 200 միլիոնի պարտք ունենք, ինչպես 2012-2013թթ. եղավ»:
Նշենք, որ տարեվերջին ավարտվում է Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի ժամկետը, սակայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պայմանագրի ժամկետի ավարտը խնդիր չէ, ժամկետն այնքան կերկարաձգեն, մինչև բանակցություններն ավարտվեն:
«Դրանք բավականին ծանր և երկար ժամանակ պահանջող բանակցություններ են: Այսինքն՝ քանի դեռ պայմանավորվածություն չկա, պայմանագիրն ավտոմատ երկարաձգվելու է, այնպես չէ, որ հունվարին գազ չենք ստանալու»,- ընդգծել էր նա՝ հավելելով, որ 2019 թ-ի հունվարի 1-ից գազի սակագինը կպահպանվի, եթե բանակցությունները ավարտված չլինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան