2018-ին Պաշտպանության բանակը կատարելագործել է ռազմատեխնիկական ներուժը. Արցախի պաշտպանության նախարար
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար,ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ։
«Պաշտպանության բանակի սիրելի
զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ,
պարոնայք սպաներ և գեներալներ,
հարգելի հայրենակիցներ
Պատմության գիրկն է անցնում հերթական բանակային տարին: 2018 թվականն Արցախի զինված ուժերի համար անկասկած կհիշվի որպես արարումներով ու ձեռքբերումներով հարուստ ժամանակաշրջան: Չնայած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով առատ իրավիճակին, այդուհանդերձ Պաշտպանության բանակը ոչ միայն ի զորու եղավ պատվով կատարել իր գլխավոր առաքելությունը, այն է՝ ապահովել հարազատ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեությունը, այլև մարտական խնդիրների կատարմանը զուգահեռ շարունակեց կատարելագործել սեփական շարքերի մարտավարամասնագիտական հնարավորություններն ու ռազմատեխնիկական ներուժը:
Անցնող տարում ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել բանակային առաջնագծի ամրապնդմանն ուղղված գործընթացների համալիրը: Հետևողական աշխատանք է տարվել մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, դիրքապահ անձնակազմի անվտանգության բարձրացման, տեսադիտարկման համակարգերի տեղադրման և նպատակային կիրառման, մերձճակատային ճանապարհների և ինժեներաամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ:
Տարվա բանակային առաջնահերթություններից է եղել զինված ուժերի կառավարման համակարգի համապատասխանեցումը ժամանակակից ռազմական պահանջներին: Այդ իսկ նպատակով բանակի ղեկավար կազմի և բոլոր օղակների հրամանատարների ներգրավմամբ անց են կացվել համաբանակային կարևորության տարաբնույթ տեսական ու գործնական պարապմունքներ, հրամանատարաշտաբային ու մարտավարական զորավարժություններ:
Հատկանշական է, որ այդ զորավարժությունների մարտական հրաձգության փուլում շատ հաճախ կիրառվել են ընթացիկ տարում բանակի զինանոցը համալրած նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ հայրենական արտադրության հատուկ նշանակության տեխնիկական միջոցներ:
Արցախի զինված ուժերում, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում են եղել անձնակազմի բարոյահոգեբանական դաստիարակության և զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Դրանք առավելապես իրականացվել են մեր ազգային առանձնահատկությունների հաշվառումով և, որ շատ կարևոր է՝ արցախյան ազատամարտում հայ ժողովրդի կերտած հերոսական դասերը անձնակազմի շրջանում տարածելով: Այս գործընթացում անկասկած մեծ էր նաև հայ հասարակության ցուցաբերած սրտացավ վերաբերմունքը սեփական զինուժի հանդեպ, որն իր դրսևորումը գտավ «բանակ-հասարակություն» կապի շրջանակում կազմակերպված բազմաթիվ նախաձեռնություններում:
Բանակային տարվա կարևոր ձեռքբերումներից է նաև զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվածը: Հարյուրավոր զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, օգտվել օրենքով սահմանված սոցիալական տարբեր ծրագրերից:
Վերոնշյալ դրական տեղաշարժերի շարքը կարելի է շարունակել: Սակայն, ինչպես ասում են, կատարելիությունը սահման չունի: Ուստի վստահեցնում եմ բոլորիս, որ գալիք 2019 թվականը մեզնից յուրաքանչյուրի համար լինելու է կիսատ թողածը շարունակելու և նոր մտահղացումներն իրականություն դարձնելու բավականին պատասխանատու շրջան:
Ավարտելով խոսքս թույլ տվեք ջերմորեն շնորհավորել բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցներին, մեր հայրենիքի ազատության համար մարտիրոսված զինվորների հարազատներին և ողջ հայությանը Ամանորի և Սուրբ ծննդի տոների առթիվ: Թող որ 2019 թվականը մեր ժողովրդի համար լինի արգասաբեր տարի:
Շնորհավոր Նոր տարի»,- նշված է Կ. Աբրահամյանի ուերձում: