Ղազախստանում երիտասարդի սպանության գործով հայեր են կալանավորվել
Ղազախստանի Կարագանդայի շրջանի ռեստորաններից մեկի մոտ 23-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածյալի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարված, իսկ երեք հոգու նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Այս մասին գրում է NUR.KZ կայքը։
Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի և Նադիրբեկով Քաիր Խամիտովիչ: Նրանք կասկածվում են լուրջ հանցագործություն կատարելու մեջ։ Կարագանդայի դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Կարագանդայի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից 1997թ. ծնված Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել ռեստորանի մոտ Նոր տարվա տոնակատարության ժամանակ, որին մասնակցել է մի քանի տղամարդ։ Փողոցում ծեծկռտուքի ընթացքում դանակի հարվածից մահացել է Կարագանդայի 23-ամյա բնակիչը։
Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը դեպքի հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ։ Նշվում է, որ վեճը տեղի է ունեցել ռեստորանի այցելուների միջև կենցաղային հողի վրա, մեկ հոգի մահացել է, երեքը ստացել են վնասվածքներ։ Դեսպանությունը ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին և մերձավորներին, վստահություն հայտնել, որ քննությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն օրենքի համաձայն։
«Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար տիրում է միջմշակութային համաձայնությունը և բացառիկ հանդուրժողականությունը էթնիկ փոքրամասնություններին նկատմամբ։
Հույս ունենք, որ ԶԼՄ-ները հղում կանեն պաշտոնական աղբյուրներին և սոցցանցերում չեն տարածի չստուգված տեղեկատվություն, որը կարող է հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր դառնալ և այդ ողբերգությանը հաղորդել ազգամիջյան հողի վրա կոնֆլիկտի նրբերանք»,- նշված է Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։