Ուֆիցցի պատկերասրահը խնդրում է վերադարձնել «Ծաղիկներով ծաղկամանը»
Ֆլորենցիայի Ուֆիցցի պատկերասրահը կոչ է արել Գերմանիային վերադարձնել հոլանդացի նկարիչ Յան վան Հեյսումի «Ծաղիկներով ծաղկամանը» կտավը, որը նացիստները գողացել էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին։
Եվրանյուզի հաղորդմամբ, թանգարանի տնօրենը, ով ի դեպ գերմանացի է, պատից կախել է նատյուրմորտի սև-սպիտակ կրկնօրինակը՝ «Գողացված է» եռալեզու գրառմամբ։
«Վերջին վերքերը, որ հասցրել է Երկրորդ աշխարհամարտը Ֆլորենցիայի հավաքածուին, առայժմ ամոքված չեն։ Ցանկանում եմ, որ 2019 թվականին այդ գլուխգործոցը վերադառնա իր օրինական տեղը՝ Պալացցո Պիտտիում»,- ասել է Էյկե Շմիդտը։
18-րդ դարի նկարիչ Յան վան Հեյսումին կոչում էին «ծաղկային Ռաֆայել»։ Նրա «Ծաղիկներով ծաղկամանը» հավաքածուի մաս է, որը պահվում էր Պալացցո Պիտտիում 1824 թվականից։ Երկրորդ աշխարհամարտի սկզբին կտավը տարհանել էին, սակայն հետագայում այն գողացել էին նացիստները և հիմա կտավը գերմանական մի ընտանիքում է։ Ամենայն հավանականությամբ, ներկայիս տերը կտավը գողացած զինվորի ժառանգն է։ Ուֆիցցիի ղեկավարությունը հաղորդել է, որ մինչև հիմա այդ ընտանիքն անտեսել է պատկերասրահի բազմաթիվ դիմումները կտավը վերադարձնելու մասին՝ առաջարկելով Իտալիային գնել կտավը։