Իդեալական հասարակության ձգտմամբ
Պատմաբան, հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ Panorama.am-ը զրուցել է 2018 թվականին վարված մշակութային քաղաքականության, խնդիրների, բացթողումների մասին։
Panorama.am-Պարոն Պետրոսյան, որպես մշակութաբան, առհասարակ ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին։
Հ.Պետրոսյան-Տարին, ինչպես բոլորն են գնահատում, որպես հեղափոխական։ Կարծում եմ՝ այդ հեղափոխությունը շատ ավելի քաղաքական ուղղվածություն ուներ, քան քաղաքացիական։ Քաղաքացիականը կարծեք թե մինչև օրս էլ կաղում է։ Կարծում եմ՝ դրա առանձին բաղադրիչներն են կազմում նաև այն մոտեցումները, որոնք ցուցաբերվեցին հատկապես վերջին ամսին դեպի մշակույթը, մշակույթի նախարարությունը։ Պարզվեց ձգտումը նախկին կոռումպացված համակարգը վերացնելու, որոշակի արդարություն հաստատելու, հայտնի չափով չեն աջակցվում նաև քաղաքացիական գաղափարաբանությամբ, նախաձեռնություններով։ Ես կարծում եմ՝ սա մեր ամենալուրջ խնդիրներից մեկն է, երբ զգացվում է, որ ձգտումը դեպի արդար հասարակարգ շատ հաճախ կարող է ուղեկցվել նաև նախկին հասարակարգից փոխառված մեթոդներով, միջոցներով, կամայական որոշումներով, մեծամեծ հայտարարություններով։ Սա այս տարվա հայտնի բացթողումն է։
Քաղաքացիական նախաձեռնությունները, քաղաքացիական հասարակության կերտումը պահանջում է ամեն անհատից որոշակի փոփոխություն, ոչ թե մի լիդերից կամ նույնիսկ առաջնորդող քաղաքական ուժից։ Տարանջատելը քաղաքականությունը մշակույթից, սոցիալական իրականությունից, այնքան էլ նպատակահարմար չէ։ Այն ամենը, ինչ որ տեղի է ունեցել, շատ մեծ նվաճում է, հիմա պետք է լուրջ, զգոն լինենք, փորձենք ավելի ծանրը հաղթահարել, դա մեր սեփական սահմանափակվածությունն է, կաշկանդվածությունն է, մոլորություններն են, որոնք պահանջում են առանձին անհատի բոլոր իրավունքների հարգում, ոչ թե ուսուցում, սովորեցնել, թե ինչպիսի պահվածք պետք է ընդունել։ Իդեալում պետք է ունենանք հասարակություն, որը նախ և առաջ երջանիկ է, որ իր սեփական մշակութային, սոցիալական կապիտալն է իրականացնում։ Մի քիչ վախենում եմ, որովհետև ավելի շատ այդ մարդկանց կոչ են անում լինել այսպիսին կամ այնպիսն։ Ավելի լավ է, որ հնարավորություն տան մարդկանց ինքնակողմնորոշվելու, ինքնաարտահայտվելու, ինքնադրսևորվելու։ Ցանկացած իդեալական հասարակության նպատակը սա պետք է լինի։ Այս տեսակետից ակնկալում եմ, որ մեր իշխանությունները հրապարակային կոչերից մի քիչ ավելի անցում կկատարեն դեպի ծանր, դանդաղ, լուրջ աշխատանքի այդ ասպարեզում։
Panorama.am-Այս տարվա ընթացքում վարված մշակութային քաղաքականությունը ինչքանո՞վ էր նպաստում և հասարակության մշակութային առումով կրթվածությանը, և մշակույթի զարգացմանը, պահպանմանը, տարածմանը։
Հ. Պետրոսյան-Կա մշակութային քաղաքականության երկու գլոբալ դրսևորում։ Առաջինը մենք կարող ենք կոչել ֆրանսիական ճանապարհ, այն է, երբ պետությունը փորձում է մշակույթ մատուցել իր քաղաքացիներին, պետությունը փորձում է դաստիարակել իր քաղաքացիներին, պետությունը պատկերացնում է, թե ինքը շատ բարի, իմաստուն հայրիկ է և իր գործն է իր զավակներին ուղիղ ճանապարհի վրա դնել։ Կա երկրորդ՝ պայմանական ամերիկյան ճանապարհը, երբ պետությունն ինքը համարյա չի խառնվում այդ գործերին, ինքնին հասարակությունն այնքան հասուն, ինքնակազմակերպված է, որ մշակութային քաղաքականությունը սկսում է առաձին անհատից, խմբերից, ավարտվում է հասարակության ողջ դիմագծային արտահայտություններով։ Մեր նպատակն ի վերջո հասնել այն ճանապարհին, այն իրականությանը, որ մենք ինքներս ունենանք մշակութային քաղաքականություն առանց պետական աջակցության։
Panorama.am-Այսինքն ամերիկյա՞ն մոդելը։
Հ.Պետրոսյան- Դա իդեալն է, բայց այսօր մենք այդ ճանապարհին միանգամից չենք կարող հասնել։ Այսօր, այո, պետությունը պետք է վարի ընդգծված մշակութային քաղաքականություն, բայց դրա հիմքում պետք է դրված լինի մշակույթի դեմոկրատիան, մշակույթի ասպարզեում ինքնաարտահայտվելու, ինքնադրսևորվելու մարդու իրավունքը։ Կարճ ասած՝ ոչ թե երեխաներին աբոնիմենտներ տալ ու տանել դասական երաժշտության համերգի, այլ կրթական այնպիսի համակարգ ստեղծել, որ երեխաներն իրենք ջանան ուր գնալ, ինչ անել, այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մարդն ինքը որոշի՝ ինչ կարող է անել, ինչպես արտահայտվել։ Պետության դերակատարությունը պետք է լինի հնարավորություններ ստեղծել ինքնաարտահայտման, ինքնադրսևորման, այլ ոչ թե ուսուցանել, ասել՝ դուք անգրագետ եք, պետք է սա անեք, սա անեք ու այսպիսին դառնաք։ Այդ ծանր ճանապարհը պետք է անպայման անցնենք, այլապես կորուստներ կունենանք մեր մշակութային ժառանագության ձեռբերումների մեջ, և, ընդհանրապես, կմոլորվենք ճանապարհին։ Հայաստանն ընտրել է ֆրանսիական ճանապարհը, որի ձեռքը ֆրանսիացիներն են կրակն ընկել։
Ահագին խոհեմություն, լրջություն, հատակապես մասնագիտական կարողություն է պահանջում։ Մշակույթի նախարար Մակունցին ասել եմ՝ տիկին Մակունց, դուք նման եք այն պոետներին, որոնք գուցե լավ բանաստեղծություն են գրում, բայց այբուբենի բոլոր տառերը ոնց որ չգիտեն։ Կարող են իրենք խելոք են, կարող է իրենք արտահայտեն գաղափարներ, որ ես նույնիսկ չեմ կարող երազել, բայց այդ ամենը պետք է անել մասնագիտական այբուբենի օգնությամբ։ Դա է, որ այսօր իրականում պակասում է։ Անկեղծ ասաց՝ ինձ համար մի քիչ ցավ է, հասարակության մեջ կարող ուժեր, լավ մասնագետներ, մարդիկ կան, մեկը ես, որոնք ոչ պարգևատրում են ակնկալում, ոչ պատշտոն, ոչ մի բան, զարմանում եմ, թե ինչու չեն դիմում, հո մենք օլիգարխ չենք։ Իրենք զլանում են, կամ էլ հետը խոսում ես, զգում ես, որ չի հասկանում, բայց քարհամարհում է։
Panorama.am-Ինչո՞ւ, իրենց վե՞ր են դասում, կարծում են՝ ամեն ի՞նչ գիտեն։
Հ.Պետրոսյան-Ինձ թվում է՝ հեղափոխական պաթոսը շատ դեպքերում իրավիճակը խամրեցնում է, և գուցե մենք շատ փոքր ենք երևում և մեր գաղափարներն էլ շատ մեծ են։
Հարակից հրապարակումներ`
- Բանակը պաշտպանում է երկրի սահմանները, մշակույթը պաշտպանում է ազգին. Ա.Գրիգորյան
- Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր. քանդակագործ
- Մշնախի ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Սարգսյան. «Բայց ոչ երբեք այն ձևով»
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
- Սովորեցնում ենք երեխաներին՝ ինչպես զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի. Ռ. Բաբայան
- Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան
- Մշակույթի նախարարի «բանավոր» նկատողությունը՝ ըստ Ֆրեյդի
- Մշակույթի նախարարին հրավիրում են՝ չի գնում, «չեն հրավիրում»՝ էլի չի գնում
- Մշակույթի նախարարությունը դեռ չի հասկանում ինչ է «պահպանելը»
- Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան