Տոներից հետո օրգանիզմը բեռնաթափելու ճիշտ ժամանակն է
Ամանորին հայկական սեղանները լի են ծանր, դժվարամարս սնունդով, և տոնական օրերին ոչ բոլորին է հաջողվում պահպանել ամենօրյա սովորական սննդակարգը, ինչի արդյունքում մարդիկ ավելորդ քաշ են հավաքում։
Օրգանիզմում հավասարակշռությունը վերականգնելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս բեռնաթափել օրգանիզմը։ Առաջին հերթին պետք է հրաժարվել աղի սնունդից, յուղոտ մթերքներից, քաղցրավենիքից, ինչպես նաև գազավորված ըմպելիքներից և «բնական» հյութերից։
Խորհուրդ է տրվում մի քանի օր հրաժարվել կենդանական ծագման սնունդից, ձկնեղենից։ Խորհուրդ է տրվում շատ քանակությամբ հեղուկներ ընդունել, ավելի թեթև սնվել, սննդակարգը պետք է բաղկացած լինի բանջարեղենից և մրգերից: Չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմը մաքրելուն կօգնեն նաև կեֆիրը, մածունը, խնձորը:
Օրինակ, դիետոլոգներն առաջարկում են միայն մեկ օր մաքուր ջուր խմել, կամ` կեֆիր, կարելի է մեկ օր 1-1.5 կիլոգրամ խնձոր ուտել, բայց սա զուգակցելով օրվա ընթացքում 8-9 բաժակ ջրով:
Կարևոր է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. կանոնավոր քայլքը լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում է այրել ճարպերը, սակայն պետք է հիշել, որ լավագույն արդյունքի հասնում են միայն այն ժամանակ, երբ հետևում են սննդակարգին: