Սա անհեթեթություն է, ոչ պրոֆեսիոնալ արված գործ. Ջոնի Մելիքյան
Ինչպես հայտնի է, համացանցոմ երեկվանից հրապարակվել է հայ մասնագետների ցուցակ, ովքեր Հայաստանում զբաղվում են ռուսական քարոզչությամբ։
Anonymous ցանցահենային խմբի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ ռուսական քարոզչությամբ զբաղվող հայ փորձագետների թվում են Հայաստանում Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը,Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, բլոգեր Տիգրան Քոչարյանը, Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը, ՀՀԿ ներկայացուցիչ, ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը։
Panorama.am-ի թղթակիցը հարցի առնչությամբ զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ, ում անունը ևս նշված ցուցակում է։
Panorama.am- Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերոնշյալ ցուցակում Ձեր անվան առկայությունը։
Ջոնի Մելիքյան- Սա անհեթեթություն է, շատ ոչ պրոֆեսիոնալ արված գործ, քանի որ այդ անձինք, ովքեր Հայաստանից որոշ չափով աջակցել են բրիտանական կառույցին՝ պատրաստելու այդ զեկույցը, շատ սելեկտիվ են մոտեցել որոշ հարցերի։ Ասենք, Սլավոնական համալսարանում դասավանդելը Ռուսաստանի հետ կապելը կամ կառավարությա կողմից հիմնադրված «Նորավանք» հիմնադրամում աշխատելը «Գազպրոմի» հետ կապել, որը Կարեն Կարապետյանի ժամանակ ֆինանսավորել է մեկ հանդեսի տպագրություն, անհիմն է։
Ասվում է որոշ հոդվածների մասին, որոնց վրա ընդհանրապես հղում չկա։ Այնպիսի բաներ են գրվում, ոչ միայն իմ այլ նաև իմ կոլեգաների մասին... Շատ դժվար կարելի է պատկերացնել Թևան Պողոսյանին, Վահրամ Տեր-Մաթևոսյանին, բայց ինչևիցե, հաքերների «պրոֆեսիոնալ» աշխատանքի շնորհիվ մենք իմացանք, որ որ նման ցուցակներ գոյություն ունեն։ Արդեն պիտակավորում են մեր որոշ մասնագետների։ Չէի ուզի մտածել, որ ինչ-որ ձևով մշակված գրոհ է մեր մասնագետների վրա, որոնք տարիներ ի վեր աշխատում են հայկական շահի առաջմղման համար։
Panorama.am- Պարոն Մելիքյան, Ձեզ որքանո՞վ ռուսամետ գործիչ եք համարում։
Ջոնի Մելիքյան- Մասնագետը պետք է լինի անաչառ, իմանա տարածաշրջանում շահառու բոլոր երկրների կարծիքները։ Եթե ես ուզում եմ հասկանալ՝ ինչ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում, ես պետք է Մոսկվա մեկնեմ, ես պետք է եվրոպական երկրներ և Վրաստան մեկնեմ։ Ես ինձ համարում եմ մասնագետ, որը նեյտրալ է, անաչառ է, և հայկական շահերից լնելով՝ իմ գործն եմ անում, փորձում եմ սատարել մեր արտաքին քաղաքականության հայեցակարգին՝ լինելով հանրային սեկտորում։
Panorama.am- Նշվում է, որ ցուցակում եղած մարդիկ, այդ թվում՝ Դուք, Հայաստանում ռուսամետ քարոզչություն եք իրականացնում։ Ի՞նչ կասեք սրա մասին։
Ջոնի Մելիքյան- Ոչ, ոչ։ Ես զբաղվում են Վրաստանի մասին ուսումանսիրություններով, այդ երկրի արտաքին քաղաքականության հետազոտություններով, դասավանդում եմ Սլավոնական համալսարանում Վրաստանի արտաքին քաղաքականություն առարկան և իմ ուսանողներին փորձում եմ բացատրել՝ ինչու է Վրաստանն ընտրել պրոարևմտյան արտաքին քաղաքականությունը, ինչ հարաբերություններ ունի տարածաշրջանային երկրների հետ։ Սա պահանջում է, որ մարդ լինի նեյտրալ։
Panorama.am- Ձեր կարծիքով, որտեղի՞ց կարող էր նման «գաղտնազերծում» լինել։
Ջոնի Մելիքյան- Գիտեք, որ «Անոնիմուսը» աշխատել է կոնկրետ բրիտանական պետության կողմից ֆինասավորվող կառույցի փաստաթղթերը համացանցում տեղադրելով։ Բրիտանական պետական Integrity Initiative նախագիծն ուղղված է հակաարևմտյան, ռուսական պրոպագանդայի դեմ։ Երկու միլիոնանոց բյուջեով կառույց է, որն, իմ կարծիքով, Հայաստանում որոշ գործընկերներ կունենար, որոնք էլ պատրաստել են այդ ցուցակը։
Նշենք, որ այս ցուցակը սոցցանցերում միանշանակ չի ընդունվել և դարձել է կատակների թեմա, իբր՝ ով չգիտի, թե ով ով է: