Երկար արձակուրդի հետևանքով հայաստանցի գործարարները մեծ վնասներ են կրել
Հանգստյան տասն օրերը անհետևանք չեն մնացել հայաստանցի գործարարների համար։ Նրանք մեծ վնասներ են կրել։ Բիզնեսմենները երկար արձակուրդը տնտեսության համար անհեռանկար, աննորմալ ու ոչ խելամիտ բան են որակում։
Բանան ներկրող ընկերություններից մեկի ղեկավար Վահրամ Միրաքյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, ինքը հազարավոր դոլարների վնասներ է ունեցել միայն այն բանի պատճառով, որ Կենտրոնական բանկը չի աշխատել, ինչի հետևանքով չի կարողացել պահանջվող փոխանցումներն ավելի վաղ անել։ Արդյունքում բանանն օրեր շարունակ մնացել է նավահանգստում։
«Այսօր նոր կարող եմ փոխանցում անել Էկվադոր, ինչից հետո միայն ապրանքը բաց կթողնեն նավահանգստից։ Առևտրային բանկերն աշխատում են, բայց քանի որ Կենտրոնական բանկը չի աշխատում, միջազգային փոխանցումներ չէին իրականացվում, նախապես փոխանցում անելն էլ հնարավոր չէր»,-ասում է «Տրոպիկա» ընկերության ղեկավար Վահրամ Միրաքյանը։
«Այս ընթացքում ես խոսել եմ Գերմանիայում ապրող ծանոթներիս հետ, այնտեղ 2.5 օր է արձակուրդը, Ֆրանսիայում էլ նույնն է։ Նույնիսկ հարևան Վրաստանում հունվարի 3-ից աշխատանքի են, ի տարբերություն Հայաստանի, որտեղ դեկտեմբեր 29-ից ոչ աշխատանքային է, Վրաստանում ամսի 31-ին կես աշխատանքային օր է եղել, էլ չեմ ասում, որ ԱՄՆ-ում 1-2 օր է»,-համեմատում է տուժած գործարարը։
Նա ընդգծում է՝ Հայաստանում բոլորը պահանջում են տնտեսության զարգացում, աշխատատեղերի ստեղծում, բայց տնտեսությունը չի զարգանա, եթե մենք չփոխենք վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ։
«Եթե մենք զարգացած տնտեսություն ենք ուզում, ապա պետք է պատրաստ լինենք աշխատասիրության չինացիների նման, պատասխանատվություն ու էլի աշխատասիրություն գերմանացիների նման, ամերիկացիների նման պատրաստ լինենք առավոտյան ժամը 5-ին գործի գնանք կամ ճապոնացիների նման 30-40 տարի խորացնենք մեր գիտելիքները որևէ ոլորտում»,-նշում է գործարարը։
Ընկերների հետ հաշվել են, որ երկար արձակուրդների հետևանքով Հայաստանը կորցնում է ՀՆԱ-ի 1.9 տոկոսը։
«Սա ահռելի թիվ է։ Եթե սրան էլ գումարենք տարվա ընթացքում արձակուրդային օրերը, ապա կլորիկ գումար կստանանք։ Համեմատում են Ռուսաստանի հետ, որի տնտեսությունը վատ վիճակում է։ Պետք է համամետվենք ԱՄՆ-ի հետ, որը օրենքով արձակուրդային օրեր չի նախատեսում, դա տրվում է լավ աշխատողներին որպես պարգևավճար»,-նշում է նա։
Հիշեցնենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ 2019-ին հունվարի 3-ը կլինի աշխատանքային։ Գործող իշխանությունը հայտարարեց՝ աշխատանքային օրերը կսկսվեն հունվարի 8-ից։
Նկատենք, որ գործող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ տասն օր հանգստանալուց հետո այսօր հայտարարեց՝ «Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում և այդ լուծումը կոչվում է աշխատանք»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կեցցե՛ աշխատանքը
- Կ. Կարապետյանը առաջարկում է «լավ վայելել» նորտարյան վերջին երկար արձակուրդը
- Շաբաթ օրն աշխատանքային է լինելու. ո՞վ է վճարելու մեռելոցին աշխատած քաղաքացիներին. «Հրապարակ»
- Տիգրան Աբրահամյանը՝ մեռելոցի օրերին աշխատել-չաշխատելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան