Զինծառայողներին նոր կոշիկներ դեռ չեն տրվել
«Բանակում զինվորների նոր կոշիկները պատրաստման, ավարտման, պահեստավորման, ընդունման փուլում են, ավարտից հետո դրանք կհատկացվեն զորամասերին, բոլոր զորամասերը կապահովվեն նոր տեսակի կոշիկներով։ Այս պահի դրությամբ զորակոչիկներին ապահովում ենք այն նույն կոշիկներով, ինչ տվել ենք մյուս բոլոր զորակոչերի ընթացքում»,- ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հարցազրույցի ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Նա նշեց, որ զինծառայողների հագուստում որակական առումով փոփոխություններ լինելու են. «Ներքնաշորերն արդեն փոխված են, մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվեցինք, այլևս չկան: Նաև կլինի փոփոխություն բուն համազգեստի կտորի հետ կապված»:
Հարցին, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հորդորել էր համազգեստ կամ որևէ այլ բան չուղարկեն զինծառայողներին, սակայն ծնողներից շատերը ասել են, որ անկախ վարչապետի հորդորից, ծառայող որդիներից դժգոհություն են ստանում, տարբեր բաներ են ուղարկում, ի՞նչ վերահսկողություն եք իրականացնում, Ա. Դավթյանը պատասխանեց. «Համամիտ եմ, բերենք միասին այդ հարցը լուծենք: Ինչ մենք տալիս ենք զինծառայողներին, բավարար է իրենց կենցաղն ապահովելու, մարտական խնդիրը կատարելու համար: Եթե մայրը լրացուցիչ նյութական միջոցներ ու իրեր է ուղարկում, այլ խնդիր է: Տարբեր շերտավորման և տարբեր բնավորության տեր մարդիկ են զորակոչվում բանակ, որոնք ունեն տարբեր պահանջներ ու մոտեցումներ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ ծնողները միշտ ուշադրության կենտրոնում պահեն իրենց՝ պահանջելով ծնողներից այս կամ այն առարկան՝ անկախ նրանից, դա իրենց պետք է, թե ոչ:
Մեր հայկական սովորության համաձայն, մյուսներից հետ չմնալու համար, որ մեկի ծնողն ուղարկեց, ինչու իր ծնողը չուղարկեց, ուզում են: Եթե խնդիր կա համազգեստի, կոշիկի, ներքնաշորի հետ կապված, պատրաստ ենք քննարկելու, որպեսզի վերացվի: Ընդհանրապես արգելելն այդպիս միջոցառումները գտնում ենք ճիշտ չէ, եթե ծնողը ինչ-որ բան ուղարկի»։
Ա. Դավթյանն ասաց, որ զինվորները ստանում են գումար, որով գնում են իրենց հիգիենայի առաջին պարագաներ կամ որոշակի տեղերում ծնողներն են ուղարկում։
Նշենք, որ այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Հարցին, թե ստացել են կոռուպցիոն բնույթի ահազանգեր՝ բանակից ազատելու, երկարաձգելու հետ կապված, Ա. Դավթյանն ասաց, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում նման ահազանգեր չեն եղել։