Մի տղամարդ էր զանգահարել և խնդրում էր օգնել տոլմա փաթաթելու հարցում. Խանգելդյան
2018 թ. դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 323 դեպք-պատահար, որից 111-ը եղել է արտակարգ բնույթի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։
«Նշված դեպքերից զոհվել է 8, տուժել՝ 77 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9-ով նվազել է գրանցված դեպքերի թիվը, սակայն 2-ով աճել է զոհերի և 24-ով՝ տուժածների թիվը: Այս օրերին գրանցվել է 63 հրդեհ, ինչը նախորդ տարվանից պակաս է 2-ով, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, որը 1-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 8 զոհից 6-ը մահացել են ՃՏՊ-ների հետևանքով։
Տոն օրերին թունավորման 7 դեպք է գրանցվել, որից մահացել է 2, տուժել՝ 23 մարդ: Հիմնականում շմոլ գազից թունավորում է եղել, մնացած դեպքերը կենցաղային բնույթի են եղել: Գրանցվել է կենցաղային բնույթի 140 զանգ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 18-ով: Գերակշռել են փակ դռների, ջրագծերի վնասման վերաբերյալ զանգերը»,- մանրամասնեց Խանգելդյանը։
Խանգելդյանն ընդգծեց, որ 911 ծառայություն ուղղվող զանգերում նկատվում է ավելի թիրախային սկզբունք: «Աստիճանաբար պատահական զանգերը վերանում են»։
Լրագրողների խնդրանքով՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը նաև անդրադարձավ հումորային զանգերին՝ նշելով, որ տոն օրերին 911 էր զանգահարել մի քաղաքացի ու զայրացած հարցրել, թե ինչու է Ձմեռ պապիկը միայն մանուկներին այցելում:
«Մի տղամարդ էր զանգահարել և խնդրում էր օգնել տոլմա փաթաթելու հարցում»,-ասաց Խանգելդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան