Քաղաքային իշխանության խոստումը. Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի
Երևանի տարբեր վարչական շրջաններում փողոցում՝ հենց մայթերից կարելի է ձեռք բերել գրեթե ամեն ինչ՝ միրգ, բանջարեղեն, պայթուցիկ սարքեր, խաղալիքներ, ադի-բուդի, հագուստ, ձկնեղեն, մսամթերք, ձկնկիթ, եղևնու ճյուղեր, անգամ կենդանի հավեր ու աքլորներ։
Չնայած քաղաքացիների, լրատվամիջոցների կողմից Երևանը շուկա դարձնելուն վերջ տալու վերաբերյալ ահազանգերին, անցած օրերին քաղաքային իշխանությունը ոչինչ չձեռնարկեց։ Փոքրիկ շուկայի վերածվեց նաև Հանրապետության հրապարակը, որտեղ մոտ 80 մլն դրամանոց տոնածառ տեղադրեցին զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու հույսերով։
Բացօթյա ապօրինի առևտուրն ամեն տարի աշխուժանում է հատկապես Ամանորի նախաշեմին: Արդյունքում գրեթե փակվում ու անանցանելի են դառնում մայթերը, կեղտոտվում փողոցները:
Այսօր քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ նախազգուշացումներն ու տուգանքներն իրենց նպատակը չեն. քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում ու առաջարկում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում: Մինչդեռ ընդամենը պետք է շարժվել օրենքով։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը հստակեցնում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառն ըմպելիքներ: Սա նշանակում է, որ ցանկացած ոք ցանկացած պահի չի կարող Երևանի փողոցներում վաճառել ցանկացած ապրանք, առավել ևս՝ սննդամթերք:
«Ըստ մեր տվյալների՝ Երևանի մի քանի փողոցներում մոտ 150 քաղաքացի զբաղվում է գյուղատնտեսական մթերքների ապօրինի վաճառքով: Այս առումով բողոքները շատ են նաև մեր քաղաքացիներից: Մինչև ամսի 15-ը կզբաղվենք գյուղմթերքի բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ, այնուհետ կանցնենք մայրաքաղաքի փողոցներում տարատեսակ այլ ապրանքների ապօրինի առևտրին: Ընդամենը մի քանի օրից քաղաքացիները կտեսնեն նոր մոտեցումներն ու որակապես այլ Երևան»,- ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
Երևանի հ. 2 (նախկին ԳՈՒՄ-ի) շուկան ժամանակին մերժում էր այստեղ առևտուր անել ցանկացողներին, տեղեր չկային, այսօր հակառակն է:
«Փողոցային առևտուրն, իհարկե, շատ է խանգարում, մարդիկ ավելի քիչ են շուկա գալիս: Այսօր շուրջ 250 ազատ տաղավար ունենք: Առաջին մեկ ամիսը տարածքները պատրաստ ենք անվճար տրամադրել, հետագայում էլ մատչելի գնով՝ մինչև 500 դրամով»,- նշել է հ. 2 շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը:
«Այս բոլոր օրերին պարբերաբար զգուշացրել ենք՝ դադարեցնել ապօրինի առևտուրն ու տեղափոխվել շուկաներ: Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող շուկայում այս պահին կա 300-350 ազատ տեղ, որից 200-ը տնօրինությունը պատրաստ է առաջիկա վեց ամիսը տրամադրել անվճար: Կարծում եմ՝ «տեղեր չկան, շուկաներում առևտուր չկա» արտահայտությունները միայն պատճառներ են, որպեսզի չտեղափոխվեն այս տարածքներ և շարունակեն իրենց ապօրինի առևտուրը»,- նշել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Քաղաքապետարանից հիշեցնում են, որ գյուղատնտեսական ապրանքների առևտրի համար տեղեր կան բոլոր վարչական շրջաններում: Դավթաշենում, օրինակ, հենց այդ նպատակով նոր շուկա է բացվել: Կենտրոնական զբոսայգու սկզբնամասում գտնվող այս տաղավարները սպասում են իրենց տերերին: Տեղը և՛ մարդաշատ է՝ անցուդարձի առումով, և՛ հարմար՝ առևտրի համար:
«Անթույլատրելի պայմաններ, անթույլատրելի մթերքներ, սանիտարահիգիենիկ նորմերի, հարկային օրենսդրության խախտում: Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքապետարանն իրականացնում է ոստիկանության հետ համատեղ: Հունվարի 8-ից ստուգայցերը կանցկացվեն ավելի մեծ ծավալներով, օրինախախտ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության: Քաղաքապետարանը սննդամթերքի առևտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել նոր մինի-շուկաներ»,-նշում են քաղաքապետարանից։
Հարակից հրապարակումներ`
- Փողոցային առևտրի հարցով ՍԱՏՄ-ն պատրաստ է համագործակցել քաղաքապետարանի հետ
- Վերացող սիգը, օրեցօր շատացող ձկնավաճառներն ու չաշխատող արգելքները. ի՞նչ անել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան