Տոն օրերին երևանյան թանգարանների այցելուների հիմնականում մասը զբոսաշրջիկներ են եղել
Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով հունվարի 3-5-ին աշխատել են մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ։
Panorama.am-ը Հայաստանի Ազգային պատկերասրահից տեղեկացավ, որ հուվարի 3-5-ը ունեցել են 250 այցելու։
Արամ Խաչատրյանի տուն- թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանից տեղեկացանք, որ այդ օրերը բավականին աշխույժ են եղել, հիմնականում ռուսաստանցի այցելուներ են եղել։ Նրա խոսքով, վերջին տարիներին Ամանորի օրերին Ռուսաստանից այցելուները շատ են լինում։
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասաց, որ իրենք աշխատել են հունվարի 1-ից, և այդօրվանից մինչև հունվարի 8-ը թանգարանն ունեցել է 370 այցելու։ Նա ասաց, որ շատ էին զբոսաշրջիկները, հիմնական ռուս, եղել են նաև այլազգի, օրինակ, ճապոնացի այցելուներ։
Ս. Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2019թ. հունվարի 1-ից էքսկուրսիոն տոմսերի գնային ցուցակում կատարվել են փոփոխությունները։
«Մուտքի տոմսը չի թանկացել, էքսկուրսիաներն են թանկացել։ Մենք մտցրել ենք աուդիոգիդ, մեր աշխատողները հոգնում էին, չէին կարողանում այդքան մարդ սպասարկել, մեկ հոգի գալիս էր, գիդ էր ուզում, երկրորդն էր գալիս, գիդ էր ուզում, խումբ էր գալիս, գիդ էր ուզում, գիդ չկա։ Շատ ծանր է խմբի համար խոսելը, դրա համար օտար լեզուներով էքսկուրսիան 4000 դրամ է, աուդիոգիդեր ենք մտել՝ 1000 դրամ հայերեն, 2000 դրամ՝ օտար լեզուներով»,- ասաց Զ. Սարգսյանը։
Նշենք, որ Ս. Փարաջանովի թանգարան մուտքի տոմսի արժեքը 1000 դրամ է, դպրոցականների համար (ՀՀ քաղաքացիների համար)` 200 դրամ, ուսանողների և թոշակառուների համար (ՀՀ քաղաքացիների համար)` 300 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Տոնական օրերին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն
- Ամանորի օրերին մի շարք թանգարաններ բաց են լինելու