Գիտնականները՝ ռուսական քարոզչության օգտին. «Բացարձակ անհիմն տեղեկություններ»
ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածուն Սարգիս Գրիգորյանն արձագանքել է, «ռուսական շահերը պաշտպանող» մասնագետների ցուցակում իրանագետ Վարդան Ոսկանյանի ու քաղաքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի ընդգրկվելու փաստին։
«Հարգելիներս՝ շատ լավ ճանաչելով Վարդան Ոսկանյանին և Վահրամ Տեր-Մաթևոսյանին, որոշեցի արձագանքել համացանցում տարածվող անհեթեթ լուրերին ու տեղեկություններին: Խոսքը գնում է այն մասին, որ ըստ այդ լուրերի, նրանք հանդիսանում են ռուսական քարոզչության օգտին աշխատող հայ փորձագետներ:
Բացարձակ անհիմն տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Վերոհիշյալ իմ լավ ընկերները իրենց ակադեմիական, գիտաուսումնական ու հրապարակային գործունեության ընթացքում արդեն ապացուցել են, որ իրենց ոլորտի Հայաստանի Հանրապետության լավագույն գիտնականներից են ու միշտ անվեհեր արտահայտել են իրենց կարծիքը ՀՀ առաջ ծառացած բազում խնդիրների վերաբերյալ՝ առաջնորդվելով բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից: Ըստ իս՝ նման վարքագծով շատ քիչ գիտնականներ են առանձնանում մեր իրականությունում, ու ես որպես նրանց շատ լավ ճանաչող մարդ, համարձակորեն կարող եմ երկուսին դասել միայն Հայաստանը սիրող ու Հայաստանամետ գիտնականների շարքում, որոնք ինձ վրա մեծ տպավորություն են թողել իրենց և մարդկային հատկանիշներով, և մասնագիտական գիտելիքներով:
Հույս ունեմ, որ նրանք դեռևս երկար ժամանակ իրենց ավանդը կունենան մեր երկրի զարգացման ու հզորացման գործում»,-գրել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հրապարակված ցուցակում ընդգրկված են նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, բլոգեր Տիգրան Քոչարյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և այլ։
Ցուցակում ընդգրկված վրացագետ Ջոնի Մելիքյանը Panorama.am-ի հետ զրույցում ցուցակն անհեթեթություն էր որակել։