Բահչելի․ «Բոլթոն ես, Դալթոն ես՝ չգիտեմ, Թուրքիան քեզանի՞ց պիտի հարցնի, թե ինչ անի»
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԺԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Սիրիայի վերաբերյալ հայտարարությանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նախօրեին Բոլթոնը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն այնքան ժամանակ չի հեռանա Սիրիայից, մինչև Թուրքիայից երաշխիքներ չստանա, որ Սիրիայի քրդերի վրա հարձակումներ չեն լինի։ Հունվարի 8-ին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Բոլթոնի գլխավորությամբ մեկնել էր Թուրքիա, սակայն Էրդողանը հրաժարվել էր հանդիպել վերջինիս հետ։
Բահչելին հիշեցրել է, որ 2018թ․ ԱՄՆ-ը հայտարարել էր, թե իրենք Սիրիայում պարտության են մատնել «Իսլամական Պետություն» (IŞİD) ահաբեկչական խմբավորմանը, ուստի ամերիկյան զորքերը շուտով կհեռանան Սիրիայից։
«Բայց ԱՄՆ նախագահը ավելի հեռուն է գնացել․ նա հայտարարել է, որ անգամ Սիրիայից հեռանալու դեպքում իրենք ցանկանում են պաշտպանել քրդերին։ Բոլթոն ես, թե Դալթոն ես՝ չգիտեմ, Թուրքիան քեզանից ու քո ղեկավարների՞ց պիտի հարցնի, թե ինչ անի։ Այս ինչ նենգություն, ինչ լկտիություն է։ Պարզվում է՝ նրանց դաշնակիցները քուրդ զինյալներն են։ Ձեր այդ դաշնակիցները, որ մարդասպան դահիճներ են, ոչ մի կապ չունեն մեր քուրդ եղբայրների հետ։ Դրանց հայտնաբերելուն պես ոչնչացնել է պետք։ Մեր քուրդ եղբայրների նկատմամբ Թրամփի սերը սուտ ու կեղծ է», - հայտարարել է ԱՇԿ առաջնորդը։