Արամ Օրբելյան. Ես հույս ունեմ, այսօր ինչ-որ որոշում դատարանը կկայացնի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը, մինչ դատական նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ անցած օրերի ընթացքում իր պաշտպանյալի հետ տեսակցություններն արգելված են եղել։ Տեսակցել թույլատրվել են միայն փաստաբաններին, ինչը սահմանված է օրենքով։
«Ժամանակը ցույց կտա, թե ինչ որոշում կկայացնի դատարանը։ Ես հույս ունեմ, այսօր ինչ-որ որոշում դատարանը կկայացնի»,-ասաց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը քննում է գրավի դիմաց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը։ Դեկտեմբերի 28-ին նշանակված դատական նիստն ընդհատվեց աշխատանքային օրը ավարտվելու պատճառաբանությամբ։
Հարցին, թե ինչու թույլ չեն տվել Քոչարյանին սնունդ հանձնել, Օրբելյանը պատասխանեց, խնդիրն անձով չէ պայմանավորված։
«Կարծում եմ, որ բոլոր ՔԿՀ-ներն էլ հանձուքների ընդունման գործընթացը չեն կազմակերպել, կամ կազմակերպել են դեկտեմբերի 29-ին ու հունվարի 5-ին, կարծում եմ՝ հերթապահության ռեժիմով է պայմանավորված։ Մենք խնդիրը բարձրաձայնել ենք, գրել ենք ՄԻՊ-ին ուղղված նամակում։ Բայց դա ամենասուր խնդիրը չէ»,-ասաց Օրբելյանը։
Փաստաբանը նշեց, որ Քոչարյանը պահվում է «Կենտրոն» ՔԿՀ ստանդարտ սենյակներից մեկում, մյուսների համեմատ պայմանները ոչ ավելի լավն են, ոչ ավելի վատը։ Երկրորդ նախագահը շարունակում է զբաղվել սպորտով, հնարավորություն ունի օրվա ընթացքում մեկ ժամ անցկացնել մարզադահլիճում։
«Սենյակի չափերը թույլ չեն տալիս, որ նա զբաղվի յոգայով կամ այլ սպորտով»,-նշեց փաստաբանը։
Անդրադառնալով ՄԻՊ-ի հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահի դժգոհություններին, Օրբելյանը մանրամասնեց, որ ամենամեծ խնդիրը համակարգիչ տրամադրելուն է վերաբերում, երկրորդ խնդիրը՝ տեսակցությունների արգելքն է ընտանիքի անդամների հետ։
«Այս առումով մենք տեսնում ենք ոչ թե մեկուսացման խնդիր, այլ պատժելու էլեմենտ, որը կարծում ենք, որ չի կարող տեղ գտնել ժամանակակից Հայաստանում»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
- Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի վաղվա դատական նիստին
- Արցախի խորհրդարանի 3 ուժեր կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել այլ խափանման միջոց
- Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է անձնական և քաղաքական վենդետա. Վիկտոր Սողոմոնյան
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կքննի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան