Իրավունք չունենք խախտել ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը. Արարատ Միրզոյան
«Ես հոգևոր կրթություն չեմ ստացել, եթե ստացած լինեի հպարտությամբ կնշեի և թաքցնելու որևէ բան չէի ունենա»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներով տարածված այն հրապարակումներին՝ թե ինքը հոգևոր կրթություն է ստացել և թաքցնում է դրա մասին։
«Ես առիթ ունեցել եմ աշխատելու Անթիլիասում՝ մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ։ Կաթողիկոսության հրավերով գնացել եմ կանոնակարգելու արխիվը՝ Հայաստանի ազգային արխիվում աշխատող այլ արխիվագետների խմբի հետ։ Իսկ դպրեվանք այցելության ժամանակ առիթ եմ ունեցել այդ հանդերձանքը հագնելու»,- ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է նորընտիր Ազգային ժողովի աշխատանքին՝ նա ասաց. «Բազմաթիվ բաներ, որ մենք նախկինում ասել ենք և պահանջել էինք իշխանությունից ԱԺ-ում հօգուտ ընդդիմադիր ֆրակցիաների, ահա դրանցից շատերը մենք հիմա, որպես արդեն իշխանություն և մեծամասնություն, իրականացնելու ենք»։
Միրզոյանն ասաց, որ վերջին օրերին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ են ունեցել։
Անդրադառնալով գազի գնի շուրջ բանակցություններին՝ ասաց. «Բանակցություններն ընթանում են, կարող եմ ասել միայն, եր հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել, ամեն դեպքում հարցը փակ չէ. «Տարբերակներ կան քննարկելու, թեմա կա, ենթաթեմաներ կան, հարցեր կան: Մի քիչ ավելի կոմպլեքս պետք է նայել այդ հարցին: Ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: Շատ տարբեր սցենարներ կան, քննարկումն ընթանում է, ինչպիսին կլինի արդյունքը, կանխատեսելն անշնորհակալ է: Քննարկումները տարբեր ելքեր կարող են ունենալ»:
Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահի հարցին, նա ասաց, որի իրենք քվեարկելու են այն խմբակցության թեկնածուի օգտին, որը ժողովրդի կողմից ավելի շատ մանդատ է ստացել. «Մենք այստեղ իրավունք չունենք խախտել ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը»։
Նա նաև նշեց, որ վարչապետի ընտրությունը կկայանա ԱԺ առաջին նիստում և առաջին համարը կդառնա վարչապետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները