Ավագանին մեղադրում է քաղաքապետարանին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ 2018 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։ Մասնավորապես, նա նշել է, որ ուսումնասիրելով դիմումների մուտքագրման և շինթույլտվությունների տրամադրման ժամկետները՝ պարզվում է դրանց միջև ժամանակահատվածը գերազանցում է օրենքով սահմանված ժամկետները, ընդհուպ հասնելով մինչև 30 օրվա։
ՀՀ Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ. «Իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը՝ սույն կարգի 98-րդ կետում նշված դիմումն ստանալու օրվանից`
1) II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար`
ա. 3-օրյա ժամկետում` բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կամ սերտիֆիկացված նախագծերի տեղակապման դեպքում,
բ. 5-օրյա ժամկետում` սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ չնշված օբյեկտների դեպքում»։
Panorama.am-ը հետաքրքրվեց Անի Սամսոնյանից, թե արդյո՞ք նա որևէ միտում է տեսնում, որ ժամկետները խախտվել են, նա պատասխանեց. «Որևէ միտում չեմ տեսնում, ուղղակի ուզում եմ, որ Երևանի քաղաքապետարանը պարզաբանի, թե ինչու է ուշացրել շինթույլտվությունների տրամադրումը, որովհետև ժամկետների խախտումներն ազդում են Doing Business-ի ցուցանիշների վրա»։
Նա ասաց, որ անցած տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրվել է 31 շինարարության թույլտվություն, մեծամասնությունը տրվել է ժամկետների խախտումներով։
Panorama.am-ը դիմեց նաև Երևանի քաղաքապետան՝ պարզելու, թե ինչո՞ւ են խախտվել ժամկետները, ինչպե՞ս են արձագանքում ավագանու անդամի մեղադրանքին։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նախ ասաց, որ ավագանու անդամների գրառումները չի մեկնաբանում, ապա նշեց, որ գրավոր հարցում ուղարկենք։
Ինչը և արեցինք։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է քաղաքապետարանը նախատեսում օտարել 2019-ին
- Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները
- Երևանում կասեցվել է ապօրինի շինարարություն
- Ուզում եմ քաղաքապետ լինել
- Ապօրինի շինարարության 80 տոկոսի մեղքը պատասխանատուներինն է. Մեսչյան
- Համատիրությունների խնդիրը մնում է
- Ինչո՞ւ են երևանյան փողոցներում անձրևաջրերը կուտակվում... Փոքր տրամագծերով խողովակներ, ապօրինի շինարարություն
- Վերահսկողություն` շինթույլտվությունների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան