Մեծ պատասխանատվություն եմ զգում, օր ու գիշեր աշխատելու. նորընտիր պատգամավոր
«Մշտապես հետաքրքրված եմ եղել և բարձրաձայնել եմ ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերը։ Դրա համար փնտրել եմ ցանկացած հարթակ »,-այսօր՝ ԱԺ մանդատների հանձնման արարողությունից առաջ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ հավաստիացնելով, որ այսուհետ ևս խորհրդարանում ակտիվորեն խոսելու է առկա խնդիրների մասին։
Նա նշեց, որ շատ մեծ պատասխանատվություն է զգում և առանց չափազանցնելու՝ օր ու գիշեր աշխատելու է՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժղովրդի։
Սոնա Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ մասնագիտությամբ լեզբվաբան-եվրոպագետ է, մինչև պատգամավոր ընտրվելն աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, եղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամ։
«Կրթություն եմ ստացել ԵՄ մանդատի ներքո գտնվող միակ ուսումնական հաստատությունում՝ College of Europe-ում, մասնագիտացել եմ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, մեկ տարվա փորձ ունեմ ԱԳՆ-ում։ Սեպտեմբեր ամսից էլ աշխատել եմ Երևանի ավագանիում՝ «Իմ քայլը» խմբակցւթյունում»,- ասաց նա։
Սոնա Ղազարյանը նշեց, որ իրեն առավելապես պատկերացնում է կամ եվրոպական ինտեգրման կամ արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում։
Անդրադառնալով խորհրդարանում կանանց՝ առավել զգալի ներկայացվածության թեմային՝ նորընտիր պատգամավորը նշեց, որ այդ փաստը շատ ոգևորիչ է, այսուհետ խորհրդարանն այլ ձեռագիր է ունենալու։
«Կանանց ներգրավվածությունը բացահայտ փոխեց նաև թավշյա հեղափոխության ընթացքը»,- ասաց նա։
Մեկ այլ երիտասարդ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ խորհրդարանն իրեն լավ հնարավորություն կընձեռի մասնագիտական կարողություններ իրացնելու հարցում։ «Ես տարիներ շարունակ զբաղվել եմ Ադրբեջանի խնդիրներով, հիմա էլ կփորձեմ նոր շունչ բերել ԱԺ՝ փորձելով օգտակար լինել արտաքին հարթակներում ղարաբաղյան հարցի ներկայացմանը»,- ասաց նորընտիր պատգամավորը։
Նա խոստացավ ակտիվ խորհրդարանական գործունեություն ծավալել՝ ընդգծելով, որ ժողովրդից մանդատ ստացած անձը պետք է աշխատի ժողովրդի համար՝ թափանցկ և հաշվետու։
Տաթևիկ Հայրապետյանը ենթադրություն հայտնեց, որ հետագայում կարող է ընդգրկվել կամ արտաքին հարաբերությունների կամ պաշտանության և անվտանգության հարցերի հանձնաժողովներում, սակայն այս հարցում առայժմ հստակություն չկա։
Հարակից հրապարակումներ`
- Իրավունք չունենք խախտել ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը. Արարատ Միրզոյան
- Առաջին մանդատը պատգամավորին հանձնեց 103-ամյա Բավական Փիլոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները