Առաջին մանդատը պատգամավորին հանձնեց 103-ամյա Բավական Փիլոյանը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Մինև արարողությանն անցնելը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն իր ելույթի խոսքում ասաց. «Դեկտեմբերի 16-ին ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունեց որոշում՝ համաձայն որի ՀՀ Ազգային ժողովի մանդատները բաշխվեցին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 26 մանդատ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 18 մանդատ։
ՀՀ նորընտիր յոթերորդ գումարման Ազգային ժողովի ձևավորմանը մասնակցեց 1 մլն 261105 քաղաքացի՝ իրենց քվեով որոշելով օրենսդիր մարմնի կազմը»։
Նա նշեց, որ նախապատրաստվելով մանդատների տրամադրման նախապատրաստական արարողությանը, ընտրություններին մասնակցած քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճակահանության արդյունքում ընտրվել են 28 ընտրողներ, որոնք ընտրողների անունից մանդատները կտրամադրեն խորհրդարանի պատգամավորներին։
«Ընտրվածների թվում են նաև ամենաերիտասարդ ընտրողները, որոնց 18 տարեկանը լրացել է քվեարկության օրը, հրավիրել ենք նաև քվեարկության ամենատարեց մասնակիցներ 103 տարեկան Բավական Փիլոյանին՝ Լոռու մարզի Սարահարթ համայնքից և 99 տարեկան Խաչիկ Գաբրիելյանին Արարատի մարզի Սուրենավան համայնքից»։
Մանդատների հանձնման արարողությունը սկսեց 103-ամյա Բավական Փիլոյանը։ Նա մանդատ հանձնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները