Շուշիում շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Շուշիում հունվարի 8-ին շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը կայունացել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
«Երեխայի վիճակն արդեն նորմալ է, գիտակցությունը տեղը, բոլորին ճանաչում է: Երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- նշեց Մեսրոպ Մարգարյանը՝ հավելելով, որ երեխայի կողքին են հարազատները:
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքի հետևանքով մահացել են երեխայի ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը և եղբայրը:
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990 թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014 թ.) դիերը: Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան՝ Ն. Մ.-ն (ծնվ. 2011 թ.) շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: