ՊԵԿ-ի ներդրած նոր գործիքի արդյունքում մարդիկ զերծ մնան «ինվոյսներ» կեղծելուց
Պետական եկամուտների կոմիտեն ներմուծել է նոր գործիք, որը ավտոմեքենա ներկրողներին հնարավորություն է տալիս առցանց համակարգով պարզել մաքսազերծման կողմնորոշիչ գինը: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այդ հաշվիչն օգնելու է քաղաքացիներին կողմնորոշման հարցում:
«Մենք ակնկալում ենք, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին համահունչ լինեն կամ հավասար: Եթե բերելու են կասկածելի ինվոյսներով մեքենաներ, պետք է հաշվիչով գան ու մաքսազերծումն իրականացնեն: Եթե կողմնորոշիչ գնից շեղում կա, մենք ինվոյսը վերցնում ենք ու ուսումնասիրում»,- նշեց ՊԵԿ նախագահը:
Դավիթ Անանյանը հայտնեց, որ շեղումներ մինչ այժմ չեն եղել, կողմնորոշիչ գները մուտքագրված են շուկայականից ցածր, բայց դրանք մի քանի ամիսը մեկ փոփոխվելու են, որպեսզի ապահովվի տեղեկատվության համադրումը. «Մենք դա արել ենք, որ մարդիկ զերծ մնան «ինվոյսներ» կեղծելուց: Ցավոք սրտի, այսօր կան կազմակերպություններ, որոնցով զբաղվում ենք, օգնում են քաղաքացիներին կեղծել «ինվոյսները»:
Ըստ նրա՝ կեղծիքները պարզելու են տարբեր գործիքներով, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման համաձայնություն ունեցող պետություններ հարցումներ կատարելու միջոցով:
Ինչ վերաբերում է վթարված մեքենաներին, Դավիթ Անանյանն ասաց, որ վթարված մեքենայի արժեքն այսուհետև որոշելու է փորձագետը, որը տալու է եզրակացություն, ինչի հիման վրա էլ որոշվելու է գինը. «Նախկինում վթարված մեքենայի գինը 1-30 տոկոս նվազում էր: Կարծում ենք, որ փորձագետի ներգրավումը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»:
Հարցին, թե արդյոք դա կնպաստի՞ հնամաշ մեքենաների ներմուծմանը, ՊԵԿ նախագահը նշեց, որ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները կպահպանվեն, իսկ դրանից հետո կնկատվի շեշտակի նվազում, քանի որ կվերանան այն բացառությունները, որոնք սահմանվել էին ԵԱՏՄ մտնելիս. « Այսինքն՝ կգործեն ԵԱՏՄ, ոչ թե՝ ներպետական օրենդրությամբ սահմանված կանոնները»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան