Թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադարձավ Կառավարության կառուցվածքի փոփոխությանն ու դրա հետ կապված հնչող քննադատություններին։
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում նախընտրական խոստում են տվել, որ կառավարության կազմը պետք է փոխվի, նախարարությունների թիվը պետք է կրճատվի և անշեղ պետք է գնան այդ ճանապարհով:
«Ես ուզում եմ արձանագրել հետևյալ, որ այս գործընթացի իմաստն ու նպատակն ամենևին էլ փող խնայելը չէ, այլ՝ պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումը։ Այս առումով լուրջ աշխատանք է մեզ սպասվում: Մենք Կառավարությունում մի քանի քննարկումներ ենք ունեցել այս թեմայով և դեռ էլի կունենանք: Մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով, որի համար ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Այս ընթացքում մենք կլսենք բոլոր կողմերի տեսակետները և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց Սփյուռքի նախարարության հետ կապված խնդիրներին։
«Կարծում եմ՝ թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա, ընդհակառակը՝ կա խնդիր սփյուռքի հետ Կառավարության հարաբերություններն ու գործակցությունը դարձնել առավել արդյունավետ։ Այս առումով մենք որոշակի մոդել ունենք, որը ենթադրում է՝ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի։ Առաջիկայում այդ մոդելի վերաբերյալ քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Հույս ունեմ, որ այդ հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության և կոնսենսուսի: Մեր խնդիրը հարաբերությունների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, որ փոխադարձաբար գոհ լինենք ինչպես ընթացքից, այնպես էլ արդյունքներից։ Մենք կգնանք հետևողական և հաստատուն, մտածված քայլերով: Համոզված եմ, որ արձանագրված լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը և պետք է հոգացնեն բոլոր այն մարդկանց, որոնք մտահոգված են ՀՀ-ում պետական կառավարման արդյունավետության խնդիրներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ նախարարությունների օպտիմալացումը մարդկանց պետք է աշխատանքի տեղավորեին. Գագիկ Մակարյան
- Փաստաթղթում կլինեն փոփոխություններ. Մխիթար Հայրապետյանը՝ Սփյուռքի նախարարության լուծարման մասին
- Հայրենադարձները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ սփյուռքի նախարարության լուծարման
- Հովնան Բաղդասարյան. Պետք է ոչ թե լուծարել Սփյուռքի նախարարությունը, այլ ընդլայնել դրա գործառույթները
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան