Վերաքննիչ դատարանի մոտ ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին
ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:
Փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառով, որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա միջնորդություններ ներկայացնելու, պատրաստելու համար։ Նա ասաց, որ Մ.Գրիգորյանը նիստին չի մասնակցել, առողջությունը լավ չի եղել։
«Եթե առողջությունը ների, անպայման կմասնակցի»,- նշեց փաստաբանը։
Նիստին զուգահեռ ընթանում է բողոքի ակցիա, քաղաքացիները պահանջում են Մանվել Գրիգորյանի կալանավորումը։
Էջմիածնում սկսված բողոքի ակցիայի մասնակիցներն ավտոերթով շարժվել էին Երևանի Վերաքննիչ քրեական դատարան։
«Ժողովուրդն ինքնաբուխ եկել է և ուզում է, որ լինի արդարադատություն: Պահանջում ենք՝ օրենքի համապատասխան որոշում կայացնեն: Իսկ որ բերվում է արգումենտ, թե Մանվել Գրիգորյանը հիվանդ է, հլը մտեք քրեակատարողական հիմնարկ, տեսնենք մարդի ինչ հիվանդություններ ունեն»,- ասաց ցուցարարներից մեկը:
Բողոքի ակցիա նախաձեռնողներից Ջիվան Աբրահամյան ասաց, որ իրենք ճնշում չեն գործադրում դատարանի վրա:
Երբ փաստաբանը դուրս եկավ դատարանից, ցուցարարները սկսեցին վիճաբանել նրա հետ։ Նրանք ասում են, որ փաստաբանն իրենց «թափթփուկ» է ասել։
«Եթե ուշադիր լսեք...»,- փորձեց խոսել փաստաբանը, սակայն նրան չէին լսում։
Ա. Մկրտչյանը դիմեց ոստիկաններին. «Նրանք խոչընդոտում են իմ գործունեությունը, ես ուզում եմ անցնել»։
Ցուցարարները բղավում էին՝ «տուշոնկի փաստաբան», «տուշոնկի փաստաբան»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Մանվել Գրիգորյանը կալանավորված էր հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը չզրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Դատախազությունը բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու դեմ
- Գլխավոր դատախազ. Ամեն ինչ անելու ենք, որ Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
- Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ գտնվում է մեկուսարանում
- Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մանվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում վատացել է
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Բժիշկները հայտարարում են, որ վերջույթները հեռացնելու վտանգ կա