Ազատ ոճի հայ ըմբիշներն սկսել են նախապատրաստությունը
Նոր մրցաշրջանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների (գլխավոր մարզիչ` Հաբեթնակ Կուրղինյան) և երիտասարդական (ավագ մարզիչ` Ավետիք Վարդանյան) հավաքականների համար սկսվեց Ծաղկաձորում` հունվարի 7-ին: Ավելի քան 40 մարզիկ համատեղ մարզումներով աստիճանաբար բարելավում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը:
Ուսումնամարզական հավաքի ղեկավարները առավել նպատակային են համարում դահուկավազքը: Ազատ ոճայինները հաճույքով են սահում, հաղթահարում վերելքներն ու վայրէջքները, բարելավում դիմացկունության որակները: Նրանք արդեն բավականին վստահ են զգում դահուկների վրա և անցնում են երկար տարածություններ:
Մարզիչները թիմերին ուղեկցում են նաև մարզոցներով հագեցած ֆիզպատրաստականության մարզադահլիճ: Մասնագետներն առայժմ մրցագորգերից և փորձնական գոտեմարտերից հեռու են պահում սաներին, որպեսզի նրանք կարոտեն ըմբշամարտին: Ամեն ինչ կատարվում է երկանգամյա պարապմունքները նպատակին ծառայեցնելու համար:
Հունվարի 20-ին ըմբիշները կվերադառնան Երևան և տեղում կշարունակեն աշխատանքները: Առաջին ստուգատեսը գլխավոր թիմի համար Թեհրանում փետրվարի 7-ին մեկնարկելիք Թախտիի գավաթ անվանումով միջազգային ավանդական մրցաշարն է: Ավարտից հետո հնարավոր է, որ մեր պատվիրակները տեղացիների հետ համատեղ մարզումներ անցկացնեն:
Նախապես կազմված ծրագրով ամեն բան արվում է, որպեսզի Հայաստանի գլխավոր ընտրանին լավ մասնակցություն ունենա Բուխարեստում ապրիլի 8-14-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Հավանաբար, թիմը համալրեն երիտասարդական մրցումներում հաջողությունների հասած մարզիկները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան