Չեմ պատրաստվում արտագաղթել,մասնագիտական գործունեությամբ կզբաղվեմ. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մտադիր է այսուհետ մասնագիտական գործունեությամբ զբաղվել։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Իմ գործընկերների՝ պարոն Դավիթ Հարությունյանի և այլոց հետ կա հիմնադրված իրավաբանական ընկերություն։ Ես տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն հանձնել եմ և լիցենզիաս չեմ վերցրել։ Այս գործունեությամբ ևս հավանաբար կզբաղվեմ։ Դրան գումարած հանրային քաղաքականության մեջ մնալու ձևաչափի համար որոշ նախագծեր կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ բացի»,- ասաց նա։
Հարցին՝ այսինքն՝ չի՞ պատրաստվում արտագաղթել, հետաքրքրվեցին լրագրողները, Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ոչ, հուսով եմ՝ հայրենի իշխանությունն այնպիսի պայմաններ չի ստեղծի, երբ արտագաղթելն այլընտրանք չի ունենա։ Բայց նույնիսկ այդ դեպքում ես չեմ պատրաստվում արտագաղթել։ Հայաստանի Հանրապետությունն իմ հայրենիքն է, և ես այստեղ շարունակելու եմ գործունեություն ծավալել։ Որքան էլ պաթետիկ հնչի՝ պատասխանատվություն եմ զգում մի շարք զարգացումների համար»։
Իսկ եթե գործող իշխանությունների կողմից առաջարկ լինի, պատրա՞ստ է մասնակցել պետականաշինության գործին, հետաքրքրվեցին լրագրողները։ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ «եթե»-ներով հարցերի չի սիրում պատասխանել։
Ինչ վերաբերում է նոր խորհրդարանից ունեցած ակնկալիքներին, նա հույս հայտնեց, որ իշխանությունները կգիտակցեն այն բեռը, որն իրենց վրա դրված է։
«Ես երբեք սրբազան սարսուռով չեմ վերաբերել տարիքին կամ փորձառությանը, բայց առավել շատ կարևորում եմ պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունը և հարցին տիրապետելու կարողությունը։ Իմ պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ գնահատականները դուք պետք է հնչեցնեք, եկեք՝ չհամեմատեմ։ Խորհրդարաններն իրենց կազմի տեսանկյունից երբեք կատարյալ չեն եղել, և թե որքանով է կատարելության ձգտում այս խորհրդարանը, կտեսնեք առաջիկայում։ Ես հուսով եմ՝ իրենք կհաջողեն ոչ թե բառերով, բարձրագոչ եզրույթներով, պաթետիկ նախադասություններով, ՀՀԿ-ին փնովելու անխոնջ աշխատանքով, այլ կկարողանան ապացուցել, որ կարող են աշխատել։ Նրանք գործ ունեն անելու։ Աստղային պատերազմներ չենք մղելու, թող աշխատեն՝ կտեսնենք»,- ասաց Արփինե Հովհհանիսյանը։
Նա նաև համոզմունք հայտնեց, որ առաջիկա ամիսներին գազի գինն ազդեցություն կունենա ազգաբնակչության կենսամակարդակի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը. Արա Բաբլոյան
- Արա Սաղաթելյան. Հաջորդ աշխատակազմին թողնում ենք մեծ քանակությամբ գույք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին