Մշակութային ծանոթություն ԱԻՆ-ի միջոցով
Անցած տարվա դեկտեմբերի 28-ին լրացել էր Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը։ Մշակույթի նախարարի պաշտոնակատարի որոշմամբ թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Լիլիթ Փալանջյան։
Հունվարի 9-ին մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը Լիլիթ Փալանջյանի հետ գնացել է թատրոն՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատակիցների հետ ծանոթացնելու, սակայն նրանք դռները փակ են գտել։ Կանչել են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների՝ դուռը բացելու համար։
Panorama.am-ը հետաքրքրվեց Լիլիթ Փալանջյանից՝ արդյո՞ք առանց ԱԻՆ աշխատակիցների օգնության հնարավոր չէր դուռը բացել, արդյո՞ք շենքում պահակ չի եղել։ Նա ասաց, որ շենքում որևէ մեկը չի եղել, ոչ էլ պահակ, իսկ իրենք գնացել էին, որպեսզի փոխնախարարն իրեն ներկայացներ թատրոնի աշխատակազմին։
Լիլիթ Փալանջյանն ասաց, որ մինչև այժմ ծանոթացել է ընդամենը 6 երիտասարդ դերասանների հետ, չգիտի էլ՝ արդյոք այդ թատրոնում են աշխատում, թե ոչ, որովհետև չունի անվանական հաստիքացուցակ։
«Երևի պետք է հաշվապահը տա, ինչպես հասկացա՝ գործավար չի եղել։ Սպասում եմ, որ ինչ-որ մեկը դա փոխանցի։ Հաշվապահն ասում է, որ ինքը երկկողմանի թոքաբորբ ունի, պառկած է, չգիտեմ, ինչքանով է դա իրականություն, համենայնդեպս իր ասելով այդպես է, չի կարող գալ մինչև երկուշաբթի։ Նախարարությունում կա հաստիքացուցակ, բայց անվանական հաստիքացուցակ չկա, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում»,- նշեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նախկին տնօրենի հետ ծանոթացել է «Վայբերով», երբ դերասաններից մեկին էր զանգել, ասել է, որ ուզում է ծանոթանալ իր հետ։ Գայանե Կարապետյանն ասել է, որ ԱՄՆ-ում է։
Լ. Փալանջյանը մինչև այժմ չի ստացել նաև թատրոնի կնիքը. «Մինչև օրս ոչինչ չեմ ստացել։ Առ այսօր ոչինչ չունեմ»։
Լ. Փալանջյանը այս թատրոնի դերասաններից չէ, մանուկ հասակում թատրոնում պարել է։ Նա ավարտել է Պարարվեստի պետական քոլեջը, որակավորումը՝ բալետի դերասան, աշխատում է օպերային թատրոնում որպես բալետի դերասան, Պարարվեստի պետական քոլեջում որպես դասական պարի ուսուցիչ, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես դասական պարի դասախոս։
Նա նշանակվել է վեց ամիս ժամկետով։ Ասաց, որ մասնկացելու է թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին։ Ինչ վերաբերում է ծրագրերին, Լ. Փալանջյանն ասաց, որ վաղ է խոսել դրա մասին, քանի որ նախ պետք է հասկանա, թե ինչ կա թատրոնում։
«Շատ ծրագրեր ունեմ, լուրջ բաներ եմ մտածում։ Թատրոնն իրականում բալետային ուղղվածություն պետք է ունենար, դրա համար է ստեղծվել, հետո ուղղվածությունը փոխվել է, պետք է այդ ամեն ինչը հասկանալ»,- նշեց նա։
Ինչն է տարօրինակ այս ամենում՝ ոչ փակ դռները, ոչ նույնիսկ ԱԻՆ-ը։ Այլ այն, որ մշակույթի նախարարը իրեն իրավունք է վերապահել ինչ-ինչ «նոր քաղաքականություն որդեգրել».այն է՝ «Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձիք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»։
Իսկ ինչու է մշակույթի նախարարը անում նշանակումներ, եթե միևնույն է՝ պետք է մրցույթ լինի։ Թող մնային հին տնօրենները՝ առանց պայմանագրերը նորացնելու, որպես ժամանակավոր պաշտոնակատար, մրցույթ հայտարարեին։
Այս ամենը նշանակում է ընդամենը մի բան՝ թեպետ նախկին տնօրենները «իրավունք ունեն» մասնակցելու նոր մրցույթին, նախարարի պաշտոնակատարը շատ թափանցիկ ակնարկում է, որ նրանք չպիտի ընտրվեն նոր մրցույթում։
Ելնելով մշակույթի որդեգրած «նոր քաղաքականությունից»՝ հարկ էր Մակունցին հանել իր պաշտոնից նոր ԱԺ-ի ձևավորման օրից։ Նշանակել որևէ մեկին, ու Մակունցին ասել՝ դա չի նշանակում, թե դու չես կարող նորից նախարար դառնալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան