ԵՊՀ-ն արձագանքում է Դավիթ Սանասարյանին. Դիմելու ենք իրավապահ մարմիններին
«Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ
Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր
առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված
մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության
կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը»,-Սանասարյանի հայտարարությանն արձագանքում են Երևանի պետական համալսարանից։
Տարածած հայտարարության մեջ ասված է.«Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն՝ ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես: Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք:
Նման իրավիճակում հայտարարում ենք, որ վերջին անգամ ենք այս ձևաչափով հրապարակային արձագանքում ծառայության կողմից համալսարանի և նրա ղեկավարության գործունեությանը տրվող գնահատականներին ու հնչեցվող մեղադրանքներին, և հետայսու նման դեպքերին իրավական գնահատական տալու հարցով դիմելու ենք իրավապահ մարմիններին և իրավունքի դատական պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որտեղ իրավունքները և ազատությունները պաշտպանված են օրենքով, իսկ սուտ մատնությունը, բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիք տալը քրեորեն հետապնդելի արարքներ են:
Որոշակի թյուրընկալումներից խուսափելու նպատակով ներկայացնում ենք մանրամասն պարզաբանում ծառայության պետի այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ՝ ընդգծելու համար դրանց բացարձակ նհամապատասխանությունն իրականությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու փաստերի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
ԵՊՀ պարզաբանումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Մեր ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված տեղեկանքի համար պատասխանատու ենք. Սանասարյան
- ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեց դատախազություն. Սանասարյան
- Ռեկտոր Արամ Սիմոնյանը պրեսինգի է ենթարկվում նաև նրա համար, որ ՀՀԿ ներկայացուցիչ է. Շարմազանով