Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրությունը
«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ադրբեջանական համայնքը դեռ հոկտեմբեր ամսվա սկզբից փորձում էր խափանել ֆիլմի արտադրությունը:
«Նրանց առաջին փորձը՝ խոչընդոտել լիտվական նկարահանումներին, մենք կանխեցինք ու պատվով ավարտեցինք նկարահանումները՝ շնորհիվ մեր թիմի վճռականության և համառության:
Օրեր առաջ հրապարակվել էր հետևյալ հոդվածը, նաև անվանական նամակներ ուղարկվել մեզ հետ համագործակցող լիտվացի և ֆրանսիացի ֆիլմարտադրողներին:
Գլխավոր հերոսի դերակատար Ռիխարդ Զամելի գործակալը նույնպես ստացել էր այդ նամակը: Ցավալի է, որ ֆիլմի համարտադրողները և օտարերկրացի դերասանները ստիպված են բախվել նման երևույթների հետ, երբ նրանց առաջնային նպատակը խաղաղության պահպանումն է և տարածքի ամենավտանգավոր կոնֆլիկտի մասին իրազեկվածությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը նշում է, որ ֆիլմի հետարտադրական ծախսերի ֆինանսական օժանդակության ակնկալիքով դիմել են մի քանի միջազգային հիմնադրամների, սակայն նման ագրեսիվ մոտեցումները դրական արդյունքի ակնկալիքները թուլացնում են։ Հաղորդում են, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի հետարտադրական փուլի աշխատանքներն ավարտելու համար ֆինանսական աջակցության կարիք ունեն։
«GoFundMe համաֆինանսավորման հարթակում մենք արդեն հասել ենք $5,010-ի, սակայն պետք է համալրենք նաև $21,200 -ը: Օգնե՛ք մեզ օգնելու Արցախին՝ միջազգային հարթակներում այն ճանաչելի դարձնելու համար հենց այս ֆիլմով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը պատմելու է Արցախի մասին՝ գոյամարտի տարիներին մոռացված մի դրվագի, որը բացահայտվում է ապրիլյան առճակատման օրերին: Ռեժիսորի ցանկությունն է ներկայացնել ոչ թե պատերազմը, այլ հետևանքները, մարդուն՝ իր խնդիրներով, բարդույթներով և անճարակությամբ: Կինոարտադրության նոր որակ ապահելու համար Ջ. Ավետիսյանը համագործակցում է տարբեր երկրներում հայտնի մասնագետների հետ։ Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։
Ֆիլմում նկարահանվել են ինչպես օտարերկրյա հայտնի դերասաններ, այնպես էլ Հայաստանից:
«Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը: «Դրախտի դարպասը» թիմը ձեռք է բերել գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի հայտնի «Էլեկտրա» օպերայի հեղինակային իրավունքը, որը կհնչի ֆիլմի հատուկ տեսարաններից մեկում:
Հարակից հրապարակումներ`
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվել են
- Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում
- Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» առաջադրված է 74-րդ «Ոսկե Գլոբուս»-ին
- Ով Հայաստանում նկարահանում է ֆիլմ, առնվազն 15 րոպե պետք է նրան ծափահարել. Ջիվան Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան