Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել
Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով՝ մահացածը կին է, որը զուգահեռ ուներ նաև այլ հիվանդություններ:
Արտավազդ Վանյանն անդրադառնալով «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել: «Հետազոտել ենք և ոչ մի վիրուս չի հայտնաբերվել, անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանում 99 տոկոսով շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 վիրուսը: Նույն վիճակը նաև մեր հարևան երկրներում է, ինչպես նաև եվրոպական երկրներում. «Խոսվում է այն մասին, թե ինչու սահմանները չեն փակում, բայց դրա կարիքը չկա, քանի որ այնպես չէ, որ Հայաստանում այս վիրուսը չկար ու պետք էր սահմանները փակել և թույլ չտալ, որ վիրուսը ներթափանցի մեր երկիր»:
Արտավազդ Վանյանը նշեց, որ այսօրվա դրությամբ պոլիկլինիկաներ են դիմել այս 1251 անձ, նախորդ տարի դիմել էր 967 մարդ: Միաժամանակ ասաց, որ այս պահի դրությամբ բուժհաստատություններում գրիպից ստացիոնար բուժում է ստանում 693 մարդ, իսկ 2018 թ-ի հունվարի 11-ին այդ թիվը կազմել է 658. «Մի քանի հիվանդներ գտնվում են ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքներում: Գրիպի սեզոնին ամեն տարի նման պատկեր է լինում»:
Նա կոչ արեց գրիպով հիվանդներին չզբաղվել ինքնաբուժմամբ, ժամանակին դիմել բժշկի, խուսափել մասսայական շփումներից, այսինքն՝ դպրոց, մանկապարտեզ, աշխատանքի չգնալ: Իսկ ռիսկային խմբերում գտնվող անձանց՝ հղիներին, 65 տարեկանից բարձր մարդկանց և 0-5 տարեկան երեխաներին, խորհուրդ տվեց պատվաստվել գրիպի դեմ:
Արտավազդ Վանյանը նաև հայտնեց, որ ուսումնական հաստատություններում իրականացվող համաճարակաբանական ֆիլտրի արդյունքում, հունվարի 10-ի դրությամբ 432 երեխա տուն է ուղարկվել, որից 250-ը՝ մարզերից: «Մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում սահմանված նորմից ցածր ջերմաստիճան ենք նկատել և, հիմնականում, դա մարզերում է նկատվել։ Խնդիրը նրանում է, որ ջեռուցումն իրականացվում է վառարանների միջոցով, դրա համար նորմայից ցածր ջերմաստիճան է գրանցվում»,- ասաց նա: