Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել
Դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ տարբեր հիվանդանոցների բժիշկների նախաձեռնած ստորագրահավաքին միացել է մի քանի հարյուր մարդ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան։ Նա էլ գործող բժիշկ է, Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավարը, ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգը։
«Ես չեմ նախաձեռնել, տարբեր բժշկական հաստատություններում աշխատող բժիշկներ մեր ընտանիքին, ինձ տեղեկացրել են, որ ստորագրահավաք են նախաձեռնել։ Այս պահին մոտ 400 ստորագրություն կա։ Երևի այսօր արդեն կհանձնենք այն վարչապետի պաշտոնակատարին»,-ասաց Աղաջանովան։
Եթե ստորագրությունները հաշվի չառնվեն վարչապետի պաշտոնակատարի կողմից, ի՞նչ են անելու սպանվածի ընտանիքի անդամները։
«Ներման դեպքում, ես գիտեմ, որ օրենքով բողոքարկելու հնարավորություն չկա։ Հույս ունեմ, որ ճիշտ որոշում կլինի, այսինքն, ներում չի շնորհվի։ Եթե հակառակ որոշում լինի, ուրեմն այս պետությունը չի կարող լինել պետություն։ Ուրեմն բոլոր մարդասպանները հերթով պահանջելու են ազատություն, դուրս են գալու, և նորմալ մարդը չի կարող ապրել նման պետության մեջ։ Բոլորը կսկսեն մտածել, թե ոնց անեն, որ իրենց երեխաներին պետությունից դուրս հանեն։ Հենց այդպես էլ լինելու է»,-ասաց սպանվածի քույրը։
Նշենք, որ տարածված, բայց պաշտոնապես դեռևս չհաստատված լուրերի համաձայն, արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը, դրական եզրակացությամբ, Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրն ուղարկել է Վարչապետին՝ վերջնական որոշում կայացնելու համար։
Չնայած հարցն արդեն մի քանի օր է՝ ինչ ակտիվորեն քննարկվում ու շրջանառվում է լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում, վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Panorama.am-ի հարցերին հստակ պատասխաններ չտվեց, ասաց չի կարող հայտնել՝ ներման ներկայացվածների ցանկում արդյո՞ք առկա է Մհեր Ենոքյանի անունը։ Արդո՞ք Փաշինյանը տեղյա՞կ է Ենոքյանին ներելու դեմ դժգոհություններից։
«Վարչապետի պաշտոնակատարը պարբերաբար ստանում է մամուլում արծարծվող օրակարգային թեմաների մասին տեղեկատվություն»,-ասաց Եղոյանը՝ ավելացնելով, որ հարցերի վերաբերյալ ավելի հստակ տեղեկատվություն կարող է տալ այսօրվա ընթացքում։
Ավելի ուշ Արման Եղոյանը տեղեկացրեց. «Վերջին օրերին հանձնաժողովից եզրակացությունների փաթեթ վարչապետի պաշտոնակատարը չի ստացել»։
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Panorama.am-ին ասաց. «Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։
Իրավական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն անդրադառնալով ներման շուրջ ստեղծված իրավիճակին, գրել է.
«Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը:
Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատակ սխալն ու վերականգնելով արդարությունը:
Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ազատազրկման է դատախարտվել դատական սխալի հետևանքով, ապա չի կարող խոսք լինել ներման մասին:
Այդ դեպքում անհրաժեշտ է նախաձեռնել նախաքննության կամ դատաքննության նոր փուլ` նոր ի հայտ եկած հանգամանքներով և որոշել դատավճռի ճակատագիրը:
Խնդիրն առավել սուր է, երբ խոսքը գնում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար մահապատժի դատապարտված, ապա ներման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին, հատկապես, որ տուժող կողմի իրավահաջորդը պնդում է պատժի մինչ վերջ կրելու իր դիրքորոշումը: Այսինքն չկա փաստացի հաշտություն դատապարտյալի և տուժող կողմի ներկայացուցիչների միջև»։
Քաղաքագետ Հայկ Բալանյանն էլ մասնավորապես նկատել է.
«Մհեր Ենոքյանը չի զղջացել է, ոչ էլ այս տարիների ընթացքում սպանվածի ընտանիքից գոնե ինչ որ ձևով ներողություն է խնդրել։
Բանտարկության տարիները փայլուն ապացուցեցին, որ իրական մարդասպանը, լիդերը, մտահղացման հեղինակը ու գլխավոր մեղավորը հենց ինքն է:
Քսանքանի տարվա բանտարկություն, բանտի դաժան բարքերը Ենոքյանին չկոտրեցին, դարձրեցին ավելի ուժեղ: Ենոքյան օժտված է ինտելեկտով ու բարձր կամային հատկանիշներով, հեշտությամբ մանիպուլացնում է մարդկանց, իր կամքն է թելադրում իր հետ շփվողներին, չեմ զարմանա, որ օժտված է հիպնոզի բնական ունակություններով: Ի՞նչ ճնշում, ինչ այլ հանգամանքներ, նման մարդուն ո՞վ կարար ճնշել: Շատ ուժեղ անձ է:
Նման, չզղջած, բարձր կամային հատկանիշներ ունեցող ու շատ ամբիցիոզ անձի ներումը վտանգ է հասարակության համար: Ինքը չի նստելու տունը գիրք գրի, ինքը դառնալու է մեդիա ու մշակութային դաշտի լիդերը, թելադրելու է իր կամքը, քանդելու է այդ ոլորտը, մտնելու է հանրային դաշտը, որ իր շեղված հոգեբանությամբ կշտացնի իր ամբիցիաները ու վրեժ լուծի բոլորից: Կրակն եք ընկնելու, պարոնայք։
Կամ արդարացրեք, եթե անմեղ է, ըտեղ խնդիր չեմ տեսնում:
Կամ ներում պիտի չլինի, որովհետև ինքը ներողություն չի խնդրել: Ներողություն չխնդրածին, ոնց ե՞ք ներում»։
Հարակից հրապարակումներ`
- Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում. Միխայիլ Աղաջանով
- Մհեր Ենոքյանի գործով փաստաբանները մտադիր են հասնել Եվրադատարան
- «Ցմահ դատապարյալ Մհեր Ենոքյանը շատ ավելի ազատ է, քան մեր շուրջը գտնվող շատ մարդիկ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան