Սիրիայում զարգացումները կապված են Թուրքիա-ԱՄՆ մեծ առևտրից. Սաֆրաստյան
«Սիրիայում գործողությունների փուլի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացումներին։
Սաֆրաստյանի խոսքով՝ իր կասկածներն այս հարցում հիմնավոր են, քանի որ թուրքական զինուժը սահմանին պատրաստ սպասում է հրամանի, որ հերթական անգամ մտնի Սիրիա։
«Զարգացումների մասին շատ բարդ է կանխատեսումներ անել։ Հասկանալու համար, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, մենք պետք է ընդլայնենք մեր վերլուծությունների դաշտը և դրա մեջ ընդգրկենք այլ խնդիրներ, որ կան Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև, մասնավորապես ամերիկյան հակաօդային համակարգի վաճառքի խնդիրը Թուրքիային և ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռների վաճառքը Թուրքիային»,- ասաց արևելագետը։
Նա նշեց, որ սրանք գնալով ավելի լուրջ խնդիր են դառնում թուրք-ամերիկյան հարաբերություններում և ամերիկացիները պահանջում են, որ Թուրքիան հարաժարվի գործարքից, բայց Թուրքիան սկսել է գործարքի իրականացումը, Թուրքիան շահագրգռված է երկուսն էլ ունենալ։
«Տեսնում ենք, որ տեղի է ունենում մի մեծ առևտուր Թուրքիայի և Ամերիկայի միջև։ Այս դիվանագիտությունը՝ առևտուր անելու և պահանջներ ներկայացնելու, Թուրքիային ավանդաբար հատուկ է, բայց վերջին տարիներին ավելի ինտենսիվ է կիրառվում։ Եվ այս ընդհանուր պատկերի մեջ սիրիական զարգացումների գնահատականը կախված կլինի այս առևտրից»,- ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը։
Այնուամենայնիվ, Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիան որոշակի զիջումների կգնա ԱՄՆ-ին և սիրիական ճգնաճամը կարող է զարգացումներ ապրել այն ուղղությամբ, որ Թուրքիայի դերը ճգնաժամի այս փուլում կթուլանա։
«Սա նշանակում է, որ 2019-ին ավելի լավ հնարավորություններ են բացվում Սիրիայում կարգավորման համար»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան