Ադրբեջանը հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դատապարտում է միջազգային կինոարտադրողների նկատմամբ Ադրբեջանի հետապնդումները՝ Արցախում ֆիլմ նկարելու համար։
Ա. Բեգլարյանի հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կողմից նկարահանվող «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային և փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց և Արցախ այցելելուց:
Մասնավորապես, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքներ:
Ադրբեջանն այդ քայլերով հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը՝ հնարավորինս սահմանափակելով արցախցիների անօտարելի բազմաթիվ իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների իրացումը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի հայատյաց քաղաքականությունը, որը դրսևորվում է նաև հայության հետ համագործակցող օտարերկրացիների հանդեպ: Այդպիսի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները»:
Նշենք, որ նախօրեին «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ադրբեջանական համայնքը դեռ հոկտեմբեր ամսվա սկզբից փորձում էր խափանել ֆիլմի արտադրությունը. «Նրանց առաջին փորձը՝ խոչընդոտել լիտվական նկարահանումներին, մենք կանխեցինք ու պատվով ավարտեցինք նկարահանումները՝ շնորհիվ մեր թիմի վճռականության և համառության:
Օրեր առաջ հրապարակվել էր հետևյալ հոդվածը, նաև անվանական նամակներ ուղարկվել մեզ հետ համագործակցող լիտվացի և ֆրանսիացի ֆիլմարտադրողներին:
Գլխավոր հերոսի դերակատար Ռիխարդ Զամելի գործակալը նույնպես ստացել էր այդ նամակը: Ցավալի է, որ ֆիլմի համարտադրողները և օտարերկրացի դերասանները ստիպված են բախվել նման երևույթների հետ, երբ նրանց առաջնային նպատակը խաղաղության պահպանումն է և տարածքի ամենավտանգավոր կոնֆլիկտի մասին իրազեկվածությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրությունը
- Մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է
- Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվել են
- Հայատյացությունն Ադրբեջանում ցեղասպանության մոտիվացիա է. Արցախի ՄԻՊ
- Հայատյացություն ու ահաբեկչությունն Ադրբեջանի պետականաշինության հիմքն են. Բաբայան
- «Նմանատիպ մարդատյաց քարոզչություն հրեաների նկատմամբ չի եղել». «Հայատյացությունը Ադրբեջանում»
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում