Գազի «թավշյա» գինը
Օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական գազը Հայաստան կմատակարարվի հազար խմ-ի դիմաց 165 դոլարով՝ 150-ի փոխարեն, սակայն սպառողների համար գազը, ըստ նրա, չի թանկանա:
Այս հայտարարությունից պարզ չէ, թե սպառողներին դեռ որքան ժամանակ հնարավոր կլինի այդ գնով գազ մատակարարել, բացի այդ հարց է առաջանում՝ արդյոք գազի գինը կփոխվի իրավաբական անձանց համար, թե՞ նրանք նույնպես կշարունակեն վճարել հին գնով: Հաջորդ հարցն այն է, թե ի՞նչ ռեսուրսների հաշվին է պահպանվելու գազի գինը սպառողների համար, եթե սահմանին այն թանկանում է 10%-ով:
Որո՞նք են գազի գնի բարձրացման պատճառները, ի՞նչպես այն կազդի տնտեսության վրա. այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի և էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ:
Գազի գինը քաղաքական հարց է
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ գազի գնի շուրջ պայմանավորվածությունը բացառապես պետք է քաղաքական հարթության մեջ դիտարկել:
Նրա խոսքով՝ ինչպես նախորդ կառավարությունների, այնպես էլ այս կառավարության օրոք գազի գինը ձևավորվել է Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների պայմանավորվածության արդյունքում:
«Հարցը պետք է այս կոնտեքստում դիտարկել, քանի որ եթե նայում ենք Ռուսաստանի կողմից տարբեր երկրներին մատակարարվող գազի սակագնին, տեսնում ենք, որ դրանով նա փորձում է վերաբերմունք ցույց տալ ռազմավարական, գործընկերային, ինչպես նաև ոչ այդքան գործընկերային երկրների նկատմամբ: Թեև 15 դոլարով թանկացումն այդքան ահռելի չէ, այդուհանդերձ, դրանով Ռուսաստանը որոշակի մեսիջներ է հղում: Իմ խորին համոզմամբ, գազի գնի թանկացմանը նպաստել է քաղաքական գործոնը»,- ասում է Կառլեն Խաչատրյանը:
Տնտեսագետը նույնպես նկատում է, որ Փաշինյան-Պուտին բանակցություններից միայն գիտենք՝ սպառողի համար գազի գինը 150 դոլար է, իսկ մնացած հարցերը դեռևս անպատասխան են, այսինքն, ըստ նրա, չկա թափանցիկություն:
«Չենք հասկանում գազի սակագինն ի՞նչ ռեսուրներից է ծածկվելու, բացի այդ, գնի պահպանումը վերաբերում է միայն ֆիզիկական սպառողներին, թե՞ կազմակերպություններին էլ: Այստեղ օգտագործվում է սուբսիդավորում տերմինը, իսկ դա ենթադրում է, որ դա իրականացվելու է պետական միջոցների հաշվին, այսինքն՝ հարցեր կան, որոնց պատասխանները քանի դեռ չկա, հստակ դիրքորոշում կամ մեկնաբանություն չես կարող անել, ավելի շատ գուշակություններ ենք անում»,- նշում է նա:
Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ գազի գնի թանկացումն ի վերջո բերելու է սոցիալական խնդիրների. «Չեմ կարծում, որ սուբսիդավորման մեխանիզմը երկար ժամանակ կգործի, վաղ թե ուշ սպառողն իր մաշկի վրա այդ թանկացումը զգալու է, իսկ դա, բնականաբար, եղած սոցիալական խնդիրների պայմաներում լուրջ խնդիրներ կառաջացնի»:
Գազ մատակարարող պետությունը գին թելադրողի դերում
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ գազի գնի փոփոխությունը պայմանավորված է միջպետական հարաբերություններով, քանի որ ի տարբերություն նավթի, գազի գնի ձևավորման միջազգային գնագոյացման համակարգ գոյություն չունի:
«Եթե նավթի գներն ամբողջ աշխարհում նույնն են և այն չափվում է Լոնդոնի կամ Նյու Յորքի բորսաների գներով, ապա գազի գների դեպքում նման համակարգ գոյություն չունի: Օրինակ՝ Ճապոնիայում գազի գինը 600 դոլար է, Եվրոպայում՝ 250-300 դոլար: Այսինքն՝ գնային տատանումը գազի համար նորմալ է և այս դեպքում գազ մատակարարող պետությունը միշտ առավելություն ունի՝ գին թելադրողի դերում է: Եւ շատ հաճախ գինը որոշվում է քաղաքական և տնտեսական հարաբերություններով»,- ընդգծեց նա:
Արմեն Մանվելյանը կարծում է, որ գազի գնի թանկացումը հնարավոր է կապված լինի «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ սկսված որոշակի գործընթացներից:
«Շատ հնարավոր է, որ դա կապված է այդ երևույթի հետ, և դրա համար որոշվեց սակագինը բարձրացնել: Խնդիրը նրանում է, որ գնագոյացման քաղաքականությունը գտնվում է Հայաստանի կառավարության ձեռքում, Կրեմլը որոշում է գազի գինը սահմանին, բայց Հայաստանի ներսում գազի գինն արդեն որոշվում է պետություն-մատակարար բանակցությունների արդյունքում: Հնարավոր է, որ գնի բարձրացումը անձնավորված, քաղաքական որոշում էր, թեև պետք է նաև նշել, որ ռուսական գազի գինը Եվրոպայում թանկացել է, հնարավոր է նաև դրանով բացատրեն, որ ընդհանուր թանկացում կա»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Բելառուսում ևս ռուսական գազը թանկացել է. հունվարի 1-ից այն կազմում է 127 դոլար:
Միաժամանակ նշում է, որ տարածաշրջանում ամենաէժան գազը մատակարարվում է Հայաստանին. «Օրինակ, Վրաստանը 1000 խմ ադրբեջանական գազը գնում է 200-215 դոլարով, Թուրքիան՝ 290 դոլարով, Իրանը Թուրքիային իր գազը վաճառում է 300-400 դոլարով»:
Արմեն Մանվելյանի խոսքով՝ գազի գնի թանկացումը նաև մեր իշխանության ոչ կոմպոնենտ մարդկանց պահվածքի հետևանք կարող է լինել, այսինքն՝ ժամանակին համապատասխան մարդիկ դրանով չեն զբաղվել, չեն հասկացել, որ իրենց արած քայլերն ինչ հետևանքներ կարող են ունենալ:
«Դա վերաբերում է վարչապետի շուրջ գտնվող մարդկանց, որոնք պատասխանտու էին սրա համար: Վարչապետը չի կարող գազի գնի ձևավորման ամեն դետալը հասկանալը: Պետք է նշեմ, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ հանդիպել եմ վարչապետի խորհրդականներից մեկի հետ, խոսել ենք այս թեմայից և այնպիսի տպավորություն եմ ստացել, որ ինքն էլ չի հասկանում, բայց պարտավոր էր հասկանալ, այդ մարդը լսել անգամ չգիտի և չի հասկանում, թե խնդիրը ինչպես պետք է լուծել: Սա լուրջ պրոբլեմ է, քանի որ մեզ բոլոր ուղղություններով մասնագետներ են պետք»,- նշում է փորձագետը:
Նա ևս փաստում է, որ այս բանակցություններից պարզ չէ, թե սահմանին 165 դոլար սակագինը որքան կպահպանվի: Ըստ Արմեն Մանվելյանի՝ 15 դոլարի թանկացումը մեր տնտեսությունը կարող է «մարսել», բայց եթե ևս 15 դոլարով թանկանա, ապա խնդիրներ կունենանք:
«Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այս խնդրի առաջ չէինք կանգնի, եթե նախկին իշխանությունները համառորեն չձգտեին գազի գինը սահմանին էժանացնել, իսկ Հայաստանի ներսում պահել նույնը: Վերջին անգամ այդ էժանացումը եղավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակ, երբ սահմանին գազի գինը 165 դոլարից իջավ 150 դոլարի: Ես այն ժամանակ էլ ասել եմ, որ սա ճիշտ քայլ չէ, քանի որ երբ տնտեսությունը սովորում է էժան գազին, իսկ գինը միշտ չի կարող պահպանվել, թանկանալու դեպքում տնտեսությունը կանգնելու է կոլապսի առաջ, և ամեն անգամ խնդիր ենք ունենալու մինչև տնտեսությունն ադապտացվի գազի նոր գնին: Ժամանակին, երբ գազի գինը սահմանին 186 դոլար էր, մեր տնտեսությունը նորմալ աշխատում էր: Էներգետիկ ռազմավարության բացակայության հետևանք է սա: Ես հիմա չգիտեմ այս մասին կմտածեն, թե ոչ, բայց խորհուրդ եմ տվել, որ ռուսների հետ բանակցություններում գոնե առաջիկա երեք տարվա համար գազի գնի շուրջ համաձայնության գան, որպեսզի գազի գինը պահպանվի և այդ ընթացքում էներգետիկ ռազմավարություն մշակվի»,- ասաց նա:
Անդրադառնալով «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին համաձայնագրին, Արմեն Մանվելյանը նշեց, որ այդ համաձայնագրով Ռուսաստանի կողմից «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով գազի մատակարարումը տևելու է մինչև 2043 թվականը: Ըստ նրա՝ շատերին թվում է, որ պայմանագրով Հայաստանը չի կարող այլ երկրից գազ գնել, բայց դա այդպես չէ, մենք կարող ենք այլ երկրներից, այդ թվում՝ Իրանից գազ գնել, քանի որ պայմանագիրը սահմանափակում չի դնում:
«Եթե կարող են էժան գազ գնել, ապա թող գնեն, ուղղակի այս պայմանագրով սահմանվում է, որ մինչև 2043 թվականը Հայաստանում սպառման ներքին շուկայի գազի վաճառքով զբաղվելու է «Գազպրոմ Արմենիան»: Դրա մասին է պայմանագիրը, այսինքն՝ քո երկրի ենթակառուցվածքները պատկանում են տվյալ ընկերությանը»,- նշեց փորձագետը:
Ինչ վերաբերում է Իրանից գազի ներմուծմանը, Արմեն Մանվելյանն ասաց, որ բարձավոլտ Էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման պարագայում Հայաստանը «Գազի էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում կկարողանա Իրանից գազի ծավալներն ավելացնել 2-3 անգամ, իսկ Իրանին նույնքան շատ էլեկտրաէներգիա մատակարարել:
Նշենք, որ իրանական կողմից ստացվող գազը Հայաստանում էլեկտրաէներգիա է դառնում և վերադառնում Իրան:
Նա հիշեցրեց, որ Հայաստան-Իրան երրորդ բարձարավոլտ ցանցը պետք է շահագործման հանձնվեր նախորդ տարի, բայց դեռ այդ ծրագիրը «դոփում» է տեղում:
Միաժամանակ Արմեն Մանվելյանը հայտնեց, որ Իրանը գազի արդյունահանման խնդիր ունի, Իրանը իր իսկ արտադրած գազի հիմնական սպառողն է: Այսինքն՝ Իրանից էժան գազ բերելը խնդիր է:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ կողմից գազի գնի բարձրացումը Հայաստանում «թավշյա հեղափոխության» պատիժն է. «Эхо Москвы»
- Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան
- «Հետո մեզ կավետեն, որ մի 200 միլիոնի պարտք ունենք». ֆեյսբուքի օգտատերերը՝ գազի գնի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան