Լկտիությունը, ինքնահավանությունը, աֆեկտիվ ապրումներն սկսել են առավել ցցուն դրսևորվել վերջին դեպքերում. Արշակ Գասպարյան
Որքան հասկանում եմ, հանցագործությունները, գնալով, ստանում են առավել ամբարտավան բնույթ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանը։
«Որևէ մեկը, որևէ պատճառով ու հիմնավորմամբ, որևէ դեպքում չպիտի իրեն թույլ տա վիրավորել արդարադատության կողմերից որևէ մեկին։ Բոլորն ու յուրաքանչյուրն իրավունք ունեն ու պիտի ունենան իրենց իրավունքները պաշտպանող՝ փաստաբան։ Եվ նրանց նկատմամբ որևէ ոտնձգություն ծայրահեղ անընդունելի է՝ անկախ տարիքից, սեռից, դերից, դիրքից ու․․․ելման կետից։
Բայց ինձ անհանգստացնում է առավել խորքային, կարծում եմ, երևույթ։ Արդեն որերորդ խուլիգանական/հանցավոր գործողությունները կատարվում են երիտասարդ ու միջին տարիքի անձնաց կողմից, նույնիսկ ցերեկվա ժամերին, մարդաշատ ու հասարակական վայրերում, կատարվում են մարդու կյանքի ու առողջության դեմ՝ ակնհայտ անտարբերություն ու արհամարհանք դրսևորելով հասարակական նորմերի նկատմամբ։ Լկտիությունը, ինքնահավանությունը, ամբարտավանությունը, սեփական աչքերում «բարձրանալու» ցանկությունը, հուզական լիցքաթափման տենչը, մտածողության գործընթացների ռեգրեսն ու գիտակցության նեղացումը, աֆեկտիվ ապրումներն ու ակնհայտ արհամարհանքը սկսել են առավել ցցուն դրսևորվել վերջին դեպքերում։
Սրանք գործոններ են, որ պիտի գրավեն մեր ոստիկանների, քննիչների ու հատկապես դատախազների ուշադրությունը։ Գնալով՝ ակնհայտ է դառնում ոլորտի հոգեբանների ու կրիմինալոգների՝ վարույթում ներգրավելու անհրաժեշտությունը։
Այս բոլոր դեպքերն անհրաժեշտ է մանրակրկիտ վերուծել, կազմել անձի հոգեբանական պրոֆիլը, տալ հնարավորինս ամբողջական առանձնահատկությունների ցանկ ու մշակել դրանց վրա համակողմանի ներազդելու մեթոդներ։
Հայտնում եմ իմ ու մեր թիմի պատրաստակամությունը՝ աջակցել այս գործընթացին»,- գրել է Ա.Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել
- Վերաքննիչ դատարանի մոտ ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին