Մշակույթի նախարարության վերակազմավորման շուրջ դրսևորվել է շտապողականություն. հայտարարություն
ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի անդամներն իրենց դիրքորոշումն են արտահայտել Մշակույթի նախարարության կարգավիճակի փոփոխության շուրջ:
Տարածած հայտարարության մեջ ասված է.
« «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծում նախատեսվում է ՀՀ մշակույթի նախարարությունը վերակազմակերպել՝ միացնելով Կրթության և գիտության նախարարությանը:
Հանրային և մասնագիտական տարբեր քննարկումներում մեկ անգամ չէ, որ սույն դիրքորոշման հեղինակները բարձրաձայնել են ՀՀ մշակութային քաղաքականության խնդիրներն ու մատնանշել ոլորտի կառավարչական անարդյունավետության մասին:
Սակայն, ուսումնասիրելով առաջարկվող փոփոխությունների ներկայացված նախագիծը, կարծում ենք, որ այն բավարար հիմնավորված ու փաստարկված չէ: Անգամ նախագծի հիմնավորման մեջ չի բերվում որևէ փաստացի գնահատական, թե ինչո՞վ և ինչպե՞ս է ՀՀ մշակույթի նախարարության վերակազմակերպումը նպաստելու «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը», ինչպես «հիմնավորվում է» նախագծում:
Որևէ կերպ չի արձանագրվել և հիմնավորվել ՀՀ մշակույթի նախարարության կողմից ցայսօր իրականացված իրավական և գործնական կառավարման ճգնաժամը կամ անարդյունավետությունը, եթե այդպիսին կա, գործառույթների իրականացման փաստացի փոփոխությունը, իրավական/օրենսդրական և մշակույթի ոլորտի տարբեր մակարդակների կառավարման միջև կապը:
Անհասկանալի է մնում, թե միասնական մշակութային քաղաքականության տեսլականի պայմաններում ինչպե՞ս է հիմնավորվում հուշարձանների, այդ թվում պատմական և հնագիտական, պահպանությունը մշակութային քաղաքականության համատեքստից կտրելը և քաղաքաշինության կոմիտեի լիազորություն համարելը: Արդյո՞ք այստեղ չկա շահերի բախում. այն գերատեսչությունը, որը նախևառաջ կոչված է կարգավորել քաղաքաշինական խնդիրները, հանդես է գալու որպես հուշարձանների պաշտպան, ինչը կարծում ենք, պարունակում է բազմաթիվ համակարգային ռիսկեր:
Նախընթաց քաղաքականությունների փորձը ցույց է տալիս, որ հապճեպ, առանց պատշաճ փորձագիտական և մասնագիտական համայնքների հետ քննարկման իրականացված փոփոխությունները լրացուցիչ արգելակում կամ դանդաղեցնում են մշակութային քաղաքականության բարեփոխման հնարավորությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մշակույթը իր լայն ընդգրկմամբ երկրի զարգացման, աշխարհում սեփական տեղի, դերի, առաքելության քննարկման և զարգացման հնարավորություն է, որը պետք է խթանվի ազգային, հասարակական և համայնքային մշակութային ժառանգության կարևորման, շարունակականության և ստեղծագործականության վրա հիմնված մշակութային բովանդակային և իրատեսական քաղաքականության միջոցով:
Թեպետ պաշտոնական տեսակետներում հնչեցվում է, որ այս գործընթացն այլևս անշրջելի է, առաջարկում ենք առժամանակ առկախել/չեղարկել ՀՀ մշակույթի նախարարության վերակազմակերպման որոշումը: Հաշվի առնելով որոշմանն առնչվող հարցերի հանդեպ հանրային զգայունությունը, շահառուների շրջանակը, կարծում ենք, որ որոշման նախագծի մշակման ընթացքում
• դրսևորվել է շտապողականություն,
• չի ապահովվել բավարար մասնակցայնության իրատեսական հնարավորություն նախարարության աշխատակիցների, անգամ ոլորտի պաշտոնյաների և փորձագիտական շրջանակների ներգրավվածության համար,
• հրապարակայնությունն ու գործընթացի թափանցիկությունը բավարար հիմնավորված չեն եղել,
• հիմնավորված առաջարկ կամ ծրագիր չկա, որը ցույց կտա նախարարության վերակազմակերպպման հետևանքով մշակույթի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացումը,
• անտեսվել է բովանդակային բարեփոխումների միջոցով համակարգի առողջացման հնարավորությունը՝ նախապատվությունը տալով կառավարչական վերակազմակերպման ձևին:
Առաջարկում ենք
• իրականացնել ՀՀ մշակույթի նախարարության գործունեության փորձագիտական գնահատում կամ հանրայնացնել այն արդյունքները, որոնք հիմք են ծառայել վերակազմակերպման, կառավարչական առկա անարդյունավետությունը գնահատելու կամ արդյունավետության բարձրացումը բովանդակային ձևով հիմնավորելու համար:
• նախաձեռնել փորձագիտական խմբերի քննարկումներ՝ մշակութային քաղաքականության համակարգային, բովանդակային և կառավարչական խնդիրները գնահատելու և ըստ այդմ՝ առաջնահերթություններ որոշելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մտահոգություն ունեմ, որ այս նախագծով Հայաստանում մշակութային ժառանգությունն աղճատվում է. Երանուհի Մարգարյան
- Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր. քանդակագործ
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
- Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան