Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու
Նորընտիր խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը։ Նիստը վարող Կնյազ Հասանովը հայտնեց, որ ԱԺ նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները։
ԱԺ նախագահն ընտրվում է փակ գաղտնի քվերակությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվերի ձայների մասնակցությամբ։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց իրենց թեկնածուին։ Խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում ներկայացրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը։
Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երևանում։
2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը:
2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան:
2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Պետական ծառայող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ:
2005թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու։
2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող,
2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։
2007-2010թթ.՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ:
2011-2012թթ.՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան:
2012-2013թթ.՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող,
2012թ. (հոկտեմբեր)-2013թ. (փետրվար) դասավանդել է ԵՊՀ-ում:
2013-2015թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար,
2014-2017թթ.` Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ.՝ կուսակցության վարչության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2018 թ. մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ:
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):
Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Այնուհետև պատգամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ԱԺ նախագահի թեկնածուին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց. «ԱԺ-ը տարիներ շարունակ ունեցել է մեկ խնդիր, դա ԱԺ դերի ցածր լինելն է։ Ժամանակի ընթացքում մենք համատեղ պայքարել ենք ԱԺ-ի դերը բարձրացնելու համար, որպեսզի ԱԺ-ն չլինի Կառավարության կցորդ և գործիք Կառավարության ձեռքում, այլ լինի գործոն: Եթե առաջիկայում լինի դեպք, դուք պատրա՞ստ եք հակադրվելու Կառավարությանը՝ բարձրացնելու ԱԺ-ի դերը և ԱԺ-ն սարքելու իրապես թիվ մեկ քաղաքական ամբիոնը, հարթակն ու գործոնը»:
Արարատ Միրզոյանը համաձայնեց, որ ավանդաբար մեծ դեր չի ունեցել ԱԺ-ն քաղաքական համակարգում. «Պետք է միայն ու միայն հետայսու բարձրանա այդ դերը, և միասին պետք է այդ ջանքերը գործադրեն: Տրամաբանական է, որ մեծամասնությունը կառավարության հենարանն է խորհրդարանում, և բնական կլինի՝ կառավարության նախաձեռնությունների գերակշիռ մասը աջակցություն ստանա այս մարմնում, բայց պետք է խորհրդարանը հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, փոխի համամասնությունը, աշխատի կառավարության հետ ոչ թե ինքնանպատակ կերպով հակադրվելով կառավարությանը, այլ համատեղ աշխատելով երկրի ու հասարակության համար առավել լավ իրավական դաշտ ունենալու ուղղությամբ»։
Նույն խմբկացության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց. «ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև գաղտնալսված զրույցի դեպքի ուսումնասիրման համար ստեղծված Քննիչ հանձնաժողովի ճակատագիրը դեռ հայտնի չէ: Ի՞նչ է լինելու 6-րդ գումարման խորհրդարանում ստեղծված Քննիչ հանձնաժողովի հետ, արդյոք դա շարունակելու է աշխատել»։
Միրզոյանը պատասխանեց, որ այդ հանձնաժողովի մասով, այնուամենայնիվ, վերապահումներ, դիտարկումներ կան ու պետք է նորից ծանրութեթև անենք, գուցե նաև արժե վերստեղծել. «Կարծում եմ, որ առաջիկայում կլինեն առիթներ՝ նոր քննիչ հանձնաժողովներ ստեղծելու»։
Հարակից հրապարակումներ`
- ««Իմ քայլը» պատրաստ է ընդդիմությանը թույլ տալ ԱԺ հաշվիչ հանձնաժողովում 2-ական տեղ ունենալ»
- Նոր Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում. Արմեն Սարգսյան
- Սկսվում է խոստումների իրականացման հետևողական, համառ փուլը. ՀՀ նախագահ
- Մեկնարկել է 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները